Շատերն ասում են, որ այն ուժային տեռորը, որը Փաշինյանը ծավալել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի հրահանգն է, ինչ-որ այլ՝ Հայաստանից դուրս գտնվող ուժերի ուղղորդում կամ հարձակում մեր ինքնության վրա:
Այդ ամենն, իհարկե, կա, բայց եթե արտաքին հրահանգներն ու պատվերները հակասեին վարչապետի հիմնական նպատակին՝ իր աթոռը պահելուն, նա այդ քայլերը չէր ձեռնարկի: Այս դեպքում առկա է շահերի համընկնում, ներդաշնակություն: Ասենք, Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի՝ բանտերում գտնվելը բխում է միաժամանակ ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինյանի շահերից: Կենտրոնանանք, սակայն, ներքին գործոնի վրա:
Այդ տեսակետից ռեպրեսիաները դասական «նախընտրական տեխնոլոգիա» են, որը հատուկ է բոլոր ավտոկրատիաներին: Մեկուսացնել հնարավոր ընդդիմախոսներին, ճնշել դիմադրության բոլոր լուրջ օջախները, ստեղծել վախի մթնոլորտ: Հետեւաբար, երբ իշխանավորները կուրծք են ծեծում, թե իբր իրենք ընտրություններ չեն կեղծում, դա սուտ է՝ այդ ցուցադրական ձերբակալություններով, իրավական «բեսպրեդելով» նրանք արդեն իսկ կեղծում են:
Ընդ որում, դա անելու ոճն աչքի է ընկնում առանձնակի լկտիությամբ: Օրինակ, Փաշինյանի համար բավարար չէ, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին պարզապես հրավիրեին ԱԱԾ կամ ոստիկանություն եւ հետո ձերբակալեին: «Շեֆին» պետք էր, որ սեւազգեստ մարդիկ փաստաբանին գետնին տապալեն, այսինքն՝ «փռեին ասֆալտին», «պատերով տային»:
Այդ՝ «ասֆալտին փռելու» կադրերը ստանալու նպատակով են իրավապահները թատրոն խաղացել: Ինչի՞ համար են պետք վարչապետին այդ կադրերը: Նախ՝ դրանց նայելով, սեփական իշխանությամբ հերթական անգամ հրճվելու: Երկրորդ՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար՝ այսուհետ կիմանաք, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր որեւէ թթու խոսք ասեն ինձ ծառայող քննիչներին ու դատախազներին:
Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ տեռորը սաստկանալու է: Պատճառները երկուսն են: Առաջինի մասին շատ եմ խոսել՝ «ժողովրդավարության ջատագով» եվրոպական կառույցները եւ դրանց հետ կապված հայկական հ/կ-ները Փաշինյանի սանձազերծած բռնաճնշումներն, ըստ էության, ողջունում են:
Երկրորդն այն է, որ ընդդիմադիր ուժերը բավականաչափ համախմբված եւ ազդեցիկ չեն՝ բիրտ ուժի եւ ապօրինության ակնհայտ ցուցադրությունները կանխելու համար:
Այնպես որ, չզարմանաք, եթե երկուշաբթի օրը լինեն նոր ձերբակալություններ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ






Բաց մի թողեք
(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց
Հիմա էլ ասում է՝ իբր ինչի էիք կռվում, դա անգամ «մեր հողը» չէր․ Հայրապետյան
Արցախը պարտվեց… Պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից. Հասրաթյան