20/10/2025

Վեհափառ Հայրապետը հավատացյալներին վստահեցրեց, որ Մայր Աթոռն անպաշտպան չէ

Էջմիածնում սկսվել էր բազմահազարանոց երթ՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու:

Հավատացյալներ բազմահազարանոց թափորը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակից ուղևորվեց տաճար, որտեղ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդն ընթերցեց իր ուղերձը:

«Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ձեր ուխտագնացությունը վկայում է ձեր սիրո և անսահման նվիրվածության մասին` հանդեպ մեր սուրբ եկեղեցին և ազգային արժեքները: Սուրբ Էջմիածնով է դարերի ընթացքում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը:

Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության և ատելության սերմանումով` առաջա բերելով նոր բաժանումներ»,- ուղերձի սկզբնական հատվածում նշեց Վեհափառը:

«Մեր սրտերը վշտացած են` տեսնելով` ինչպես են քաղաքական որոշումով կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ` եկեղեցականներ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, Տիար Սամվել Կարապետյանը: Մեր աղոթքները նրանց հետ են»,- դիմելով հավատավոր ուխտավորներին` Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

« Հավատում ենք, որ աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնելու արդարությունը, որ ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը:
Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին` մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր` հավատավոր մեր ժողովրդով, և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը` հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը:

Մեր կոչն է` հավատավոր մեր զավակներին` ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների և փորձությունների առաջ, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ: Որովհետև աստված մեզ երկչոտության հոգի չտվեց այլ զորության, սիրո և զգաստության: Միասանաբար ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները:

Աղոթում ենք, որ ամենակալ աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին` աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները: Թող տերը ապահովություն ու բարօրություն ապահովի ազգիս հայոց ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Այսօր և միշտ և հավիտյանս` ամեն: Ձեր ուխտն ի կատար, սիրելի ուխտավորներ»:

Այնուհետև Մայր տաճարում հնչեց միասնական աղոթք: