25/10/2025

Բաքուն սկսել է լուրջ «վտանգներ» ու դրանց հետեւում կոնկրետ «ականջներ» տեսնել

Վերջին օրերին Ադրբեջանում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք եւս մեկ անգամ վկայում են, որ ոչ մի բռնապետություն հավերժ չէ, բացի դիկտատորների հավերժ կասկածներից ու վախերից, այդ թվում՝ մերձավոր զինակիցների ու շրջապատի նկատմամբ:

Աշխարհին հաղթողի, ինքնավստահ առաջնորդի կերպարով ներկայացող Իլհամ Ալիեւը (վերջերս էլ երեւի ավելի է ոգեւորվել Թրամփի գովեստներից, «ուժեղ լիդեր» բնորոշումից), պարզվում է, իրականում մեծ վախեր ունի, որ իր դեմ դավադրություն են ծրագրել՝ դաշնակից Ռուսաստանի անմիջական օժանդակությամբ:

Ալիեւյան բռնապետական ռեժիմի խիստ գրաքննությունն անգամ անկարող է թաքցնել, թե իրականում ինչ թշվառ վիճակ է այդ երկրում, թե ինչու «Ղարաբաղի ազատագրված տարածքներ» չեն ուզում վերադառնալ «նախկին փախստականները», ինչ անմխիթար պայմաններում են ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, շարքային քաղաքացիները, ինչպես են ուժայինները «լռեցնում» նրանց բողոքի ակցիաները, դժգոհությունները, որքան է ավելացել քաղբանտարկյալների, այդ թվում՝ դատապարտված լրագրողների թիվը եւ այլն, եւ այլն:

Եվ, ահա, այս համապատկերում, Բաքուն սկսել է լուրջ «վտանգներ» ու դրանց հետեւում կոնկրետ «ականջներ» տեսնել: Այսպես, կառավարամետ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, հրապարակել է «Մեհտիեւի գործի» մասին սենսացիոն մանրամասներ: Գործակալությունը պնդում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 87-ամյա նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւը Ռուսաստանի աջակցությամբ մշակել է հեղաշրջման ծրագիր եւ տասնամյակների վաղեմության ալիքներով Կրեմլին առաջարկել է դրա իրականացման մեխանիզմ:

Ըստ տեղեկությունների՝ Ալիեւի երբեմնի զինակիցը փորձել է շահագործել Բաքվի եւ Մոսկվայի միջեւ առաջացած լարվածությունը, որն առաջացել էր անցյալ տարի AZAL ինքնաթիռի կործանումից հետո: Մեհտիեւը որոշել է օգտվել «բարենպաստ» իրավիճակից եւ Ռուսաստանի օգնությամբ իրականացնել հեղաշրջում: Գործակալությունը շեշտում է նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ակտիվության աճի եւ Իմիշլիում ռուսամետ բողոքի ցույցերի միջեւ պատճառահետեւանքային կապը:

Այդկերպ, ըստ հոդվածի, պոտենցիալ ապստամբների առաջնորդը փորձում էր հասկանալ Ադրբեջանում ռուսամետ հանրային տրամադրությունները։ ԱՊԱ-ն պնդում է, որ Մեհտիեւի ծրագիրը նախատեսում էր իշխանության բռնի զավթումից հետո անցումային շրջանի համար ժամանակավոր Պետական խորհրդի ստեղծում: Մեհտիեւը՝ ինքը, պետք է դառնար Պետական խորհրդի ղեկավար: Պետական խորհրդի կազմը չի հրապարակվել: Նշվում է, որ տարեց գործչի իշխանափոխության ծրագրի մասին հենց ռուսական կողմն է ներկայացրել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաներին, Դուշանբեում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները:

«Ռուսական կողմն ինքն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհտիեւի առաջարկի եւ դավադիր ցանցի ծրագրի մասին»,- պնդում է հրապարակումը։ «Ինչո՞ւ Կրեմլը որոշեց բացահայտել իր գործակալին»,- հարցադրում է անում իշխանամերձ քարոզչակայքը, ապա Մոսկվայի քայլի դրդապատճառը բացատրում նրանով, որ «վտանգավոր ծերուկը» հոգնեցրել է Ռուսաստանին իր մշտական խնդրանքներով եւ համառությամբ։ Հետեւաբար, Ռուսաստանը լիովին հրաժարվել է Մեհտիեւից, որը որեւէ հեռանկար չուներ, իսկ պաշտոնական Բաքվին տեղեկացրել է նրա ծրագրի եւ դավադիրների ցանցի մասին՝ եզրահանգում է լրատվական գործակալությունը։ Բայց բանն այսքանով չի ավարտվում:

Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու եւ Միլլի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Զահիդ Օրուջը վրդովված է երկրի լրատվամիջոցներում անհիմն եւ չհաստատված հաղորդագրություններից, որոնցում իրեն մեղադրում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում են նույն ադրբեջանական ԶԼՄ-ները: «Ով էլ լինի, յուրաքանչյուր ոք, ով ոտնձգություն է կատարում պետական իշխանության դեմ կամ դավաճանություն է կատարում, արժանի է ամենախիստ պատժի։ Պետության եւ նախագահի նկատմամբ դավաճանությունն աններելի է։ Երբեք չեմ մասնակցել գաղտնի նախագծերի, հատկապես օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված հանդիպումների։ Ես արժանապատվորեն ծառայել եմ նախագահին եւ պետությանը։ Վստահեցնում եմ ձեզ. ո՛չ զրպարտությունը, ո՛չ էլ ստերը չեն կարող ինձ արատավորել նախագահի աչքում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ կառավարամետ APA լրատվական գործակալության՝ ավելի վաղ հրապարակված հոդվածում Զահիդ Օրուջը հիշատակվել էր որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւի կողմնակից, որի նկատմամբ վերջերս տնային կալանք է սահմանվել, եւ որը մեղադրվում է պետական իշխանությունը զավթելու փորձի եւ դավաճանության մեջ։ Հոդվածում պնդում կա, որ Օրուջը «փորձել է ստեղծել Ռամիզ Մեհտիեւի պետական գործչի կերպար» եւ «նրան անվանել է իր հայրը»՝ ենթադրաբար, պատկանելով նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի կողմնակիցների մերձավոր շրջանակին։ Այն, որ Մեհտիեւի գործը կարող է ուղեկցվել նոր զարգացումներով, չեն ժխտում նաեւ Բաքվի սազանդար փորձագետները:

Քաղաքագետ Ռովշան Իբրահիմովը, օրինակ, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կալանավորմանը կհաջորդեն նորերը։ Ավելին, նա ողջամիտ է համարում այդ ամենը եւ պնդում, թե դա կհամախմբի երկիրն ու կամրապնդի անվտանգությունը: Իր հերթին, Ara.az լրատվական գործակալությունը հրապարակել է այս իրադարձությունների մասին ընդարձակ ռեպորտաժ եւ Մեհտիեւի ենթադրյալ կողմնակիցների ցուցակ։ Նրանց թվում են նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, նախագահի աշխատակազմի նախկին բաժնի ղեկավար Ալի Հասանովը, մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաեւը, նախագահի նախկին մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը, ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մախմուդովը եւ ուրիշներ։ Հատուկ հիշատակվում է տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովը, որին հրատարակությունն անվանում է Մեհտիեւի «դրամապանակը»։ Թիմում է եղել նաեւ Քամալ Ալիեւը, որը նախկինում հեռացվել էր դատական համակարգից «Թարթառի գործի» պատճառով, բայց հետագայում, Մեհտիեւի աջակցությամբ, նշանակվել էր Գիտությունների ակադեմիայի իրավաբանական բաժնի ղեկավար։ Հոդվածում հիշատակվում են նաեւ պատգամավորներ Զահիդ Օրուջը եւ Մալահաթ Իբրահիմգիզին: Որոշ ընդդիմադիր փորձագետներ պնդում են, որ սա, մի կողմից ,արտացոլում է իշխանությունների եւ կոնկրետ Ադրբեջանի նախագահի նկատմամբ երկրում հասունացող դժգոհության ալիքը, որից Ալիեւն իսկապես զգուշանում է, մյուս կողմից՝ «նման բեմադրություններով եւ քաղաքական հետապնդումներով» Բաքուն նպատակ ունի որոշակի «մեսիջներ» ուղարկել Կրեմլին՝ դեռեւս լիովին չկարգավորված եւ սառը հարաբերությունների համատեքստում: Պատկերավոր ասած, «ցույց է տալիս Մոսկվայի ականջներն ու իր բռունցքը», որն այլեւս խորհրդանշական է դարձել տարածաշրջանի բռնապետի համար: