27/10/2025

Ալիևը կամավոր կստանձնի՞, թե Մոսկվան և Թեհրանը նրան «կճնշե՞ն»

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում ստորագրված քաղաքական հռչակագիրը, որ ԱՄՆ-ին, Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման «մանդատ է տալիս», գնահատել է որպես Դոնալդ Թրամփի «անձնական փիառ»:

Լարիջանին այդ խորհրդաժողովին Իրանի նախագահի բացակայությունը համարել է «միանգամայն արդարացված», ինչին տպավորություն է ստեղծվում, թե Մասուդ Փեզեշքիանը կցանկանար ներկա գտնվել Շարմ էլ Շեյխի պատմական արարողությանը, բայց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին նրան չի արտոնել:

IRNA պետական գործակալությունը, վկայակոչելով արևմտայն մի քանի փորձագիտական աղբյուրների, խմբագրական հոդված է հրապարակել, որտեղ կանխատեսված է, որ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը «նպաստում է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը և խորացմանը»:

Ռուսաստանի և Իրանի ռազմավարական համագործակցության ամրապնդումը և խորացումն առանց Ադրբեջանի ներգրավվածության անհնար է: Հոկտեմբերի 12-13-ին Բաքվում ռուս-ադրբեջանա-իրանական եռակողմ բանակցություններ են ընթացել:

Արդյունքների մասին հանրամատչելի տեղեկատվություն դեռևս չկա: Բաքվի մամուլի «կցկտուր ակնարկներից» հասկացվում է, որ Ադրբեջանի տարածքով տարեկան հիսուն միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատարի կառուցման հարցում Ալիևը համաձայնություն չի տվել:

Ավելի հետաքրքիր է այն, որ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը ռուսաստանցի պաշտոնակից Օվերչուկին ներկայացրել է Ռուսաստանի համար Սյունիքում հաղորդուղու օգտակարությունը: Բաքուն, կարծես, ձգտում է չեղարկել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որ Ալիևի համար միշտ խնդրահարույց է եղել՝ կապված ԱՄՆ –ի բացասական դիրքորոշման հետ:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի դեմ քաղաքական առումով միասնական պատժամիջոցներ են կիրառել: Բացառված չէ, որ այդ քաղաքականությունը մոտակա ամիսներին խստանալու է:

Ռուս-իրանական ռազմավարական համագործակցությունը բոլոր առումներով արևմտյան սահմանափակումներին այլընտրանք է: Ալիևը կամավոր կստանձնի՞ ռուս-իրանական «շղթայի կապող օղակի» դերը, թե Մոսկվան և Թեհրանը նրան «կճնշե՞ն»:

Իսկ գուցե Ադրբեջանի լոգիստիկ դերը նա օգտագործելու է ավելի «մեծ առևտրո՞ւմ», որ կարող է հաջորդել ռուս-ամերիկյան «գործարքի՞ն»: