27/10/2025

Բանակցությունների արդյունքից է կախված՝ ուկրաինական կարգավորումը մո՞տ է, թե՞ հետաձգվում է

«Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի մենք ընթանանք դեպի դիվանագիտական կարգավորում՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը և մտածելով ոչ միայն հրադադարի, այլև հակամարտության վերջնական կարգավորման մասին»,- ամերիկյան Fox News-ին հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Նա նաև Ռուսաստանի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենն է և ռուսաստանցի պաշտոնյաներից առաջինն է ամերիկյան կողմի հետ շփումներ հաստատել:

Դմիտրիևի գնահատմամբ՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը հասկանում են, որ լուծումը հնարավոր է: «Մենք հույս ունենք, որ այն ձեռք կբերվի տրամաբանական ժամկետում»: Ի՞նչ «տրամաբանական ժամկետի» մասին է խոսքը, ՌԴ նախագահի հատուկ բանագնացը չի կոնկրետացրել:

Դմիտրիևը Միացյալ Նահանգներ է գործուղվել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու և ՌԴ երկու խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարության հաջորդ օրը:

Ռուսաստանյան մամուլում իշխող նարատիվ կա, որ նա «ամերիկյան կողմին պետք է ներկայացնի ուկրաինական կարգավորման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման իրավական և քաղաքական հիմնավորումները»:

Զուգահեռաբար Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հանդիպումը, որին հաջորդել է Ուկրաինայի նախագահի Լոնդոն այցը, հանդիպումը Կառլ Երրորդ թագավորի և վարչապետ Սթարմերի հետ:

Վերջինիս անունից տարածվել է ուկրաինական կարգավորման «նախագիծ»: Այն ենթադրում է Ուկրաինային տնտեսական, քաղաքական և ռազմական աջակցություն: Ավելի կոշտ դիրքորոշում է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա խոստացել է առաջիկա օրերին Ուկրաինային «Միրաժ» կործանիչներ, ՀՕՊ և ԱԹՍ-ների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տրամադրել:

Պուտինի բանագնաց Դմիտրիևի խոսքից ենթադրվում է, որ Ռուսաստանն առաջարկում է հակամարտության «փաթեթային կարգավորում»՝ կրակի դադարեցում և քաղաքական համաձայնագրի ստորագրում:

ԱՄՆ նախագահի առաջարկությամբ՝ տարածքների և նրանց կարգավիճակի հետ կապված հարցերը կարող են լուծում գտնել «ապագայում ինչ-որ ժամանակ»: Դոնալդ Թրամփը նախապատրաստվում է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպման:

Ըստ երևույթին, այդ բանակցությունների արդյունքից է կախված՝ ուկրաինական կարգավորումը մո՞տ է, թե՞ հետաձգվում է: