Թուրքական բանկերը կարող են հայտնվել Եվրամիության կողմից մոնիտորինգի և ճնշման տակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ֆոնին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի պետական ֆինանսական հատվածի աղբյուրը:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:
«Թուրքական բանկերը կամ ընկերությունները, որոնք գործողություններ են իրականացնում ռուսական կողմի հետ, կարող են հայտնվել մոնիթորինգի կամ անուղղակի ճնշման տակ։ Այդ պատճառով թուրքական բիզնես շրջանակները պետք է պատրաստ լինեն կոմպլաենս-ռիսկերի աճին (տուգանքներ, ֆինանսական վնասներ և այլն-խմբ.) և լրացուցիչ ստուգումներին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով թուրքական բանկային հատվածի համար հնարավոր ռիսկերի մասին հարցը։
Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելից անուղղակի ազդանշաններ է արձանագրում, որոնք վկայում են ֆինանսական գործարքների նկատմամբ վերահսկողության ուժեղացման ծրագրերի մասին։ Նա նշել է, որ Բրյուսելը պատժամիջոցների սահմանումից հետո ձգտում է փակել Ռուսաստանի ոչ միայն ուղղակի, այլև երրորդ երկրների միջո «շրջանցող» ֆինանսական ուղիները:
«ԵՄ-ն մեծ զգուշավորություն է ցուցաբերում, թե Թուրքիան կարող է հարթել պատժամիջոցների ազդեցությունը Մոսկվայի համար՝ օգտագործելով իր ֆինանսական և առևտրային գործիքների ճկունությունը։ Բայց առայժմ դրանք միայն քաղաքական ենթադրություններ են. ոչ փաստեր, ոչ ուղղակի մեղադրանքներ մենք չենք տեսել», – ասել է աղբյուրը։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան պետություններում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։






Բաց մի թողեք
Բանակցությունների արդյունքից է կախված՝ ուկրաինական կարգավորումը մո՞տ է, թե՞ հետաձգվում է
Ալիևը կամավոր կստանձնի՞, թե Մոսկվան և Թեհրանը նրան «կճնշե՞ն»
Թերարժեքության բարդույթ