28/10/2025

Պուտինն ընդդեմ Եվրոպական Միության

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն տարածել է հերթական «բացահայտումը»: Այս անգամ թիրախավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը:

Նա, ըստ ՌԴ ԱՀԾ հաղորդագրության, «չկարողանալով հաղթահարել Ֆրանսիայում խորացող սոցիալ-տնտեսական և ներքաղաքական ճգնաժամը, երազում է վարկանիշ վերականգնել Ուկրաինայում էքսպանսիոնիստական գործողություններով»:

Խոսքն այն մասին է, որ, ինչպես «հաջողվել է պարզել, Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի ավելի քան երկու հազար զինծառայողներ, որ ներկայացնում են Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ, տեղաբաշխվել են Լեհաստանում և անցնում են ինտենսիվ վարժանքների վերջին փուլը՝ Ուկրաինայում մարտական գործողությունների գոտի մտնելուց առաջ»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զուգահեռաբար հայտարարել է, որ «Ուկրաինայում ՆԱՏՕ- ի անդամ երկրների ռազմական ներկայությունը, ինչ սցենարով էլ լինի, Ռուսաստանի համար վճռականապես անընդունելի է»:

Ռուսաստանի ԱՀԾ «բացահայտումն», ինչպես երևում է, արված է, որպեսզի «հիմնավորվի» արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Իսկ ենթատեքստն այն է, որ Մոսկվան դեմ է անգամ հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ կամ անգամ մոնիտորինգային ուժերի տեղաբաշխմանը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն «բացահայտել է» Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի «հատուկ ծառայությունների համագործակցությունը, որ նպատակաուղղված է Բալթիկ ծովում ռուսական նավատորմի դեմ ահաբեկչությունների իրականացմանը»:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի կառավարությանը՝ նրան վերագրելով «Եվրոպայում մշտապես լարվածություն պահպանելու մտադրություն»:

Միջազգային փորձագիտական շրջանակներում կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանը և եվրոպական «եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, «գործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերակողմնորոշելու ուղղությամբ»:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները գտնում են, որ ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի վաշինգտոնյան այցը «ձախողված է». ամերիկյան որևէ պատասխանատու պաշտոնյա նրան չի ընդունել: Սպիտակ տան ընդհանուր գնահատականն այն է, որ նա «ոչ թե բանակցող է, այլ՝ Պուտինի քարոզիչը»: