31/10/2025

Անի Զալինյանն ընտրվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր. Լուսանկար

Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Անի Զալինյանը մանդատ է ստացել և դարձել երկրի խորհրդարանում հայկական ծագում ունեցող առաջին ներկայացուցիչը։

Ինչպես հայտնում են հոլանդական ԶԼՄ-ները, Անի Զալինյանի թեկնածությունն առաջադրել էր ձախակողմյան կուսակցությունների՝ «Աշխատանքի կուսակցություն» և «Ձախ կանաչներ» («GroenLinks-PvdA») դաշինքը:

Հիշեցնենք, Նիդերլանդներում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ «Դեմոկրատներ 66» կուսակցությունը, որը ստացավ խորհրդարանի 150 տեղերից 27-ը։ Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը, որը զիջեց ընդամենը մի քանի տասներորդական տոկոսով, նույնպես 27 տեղ ստացավ։

Աջ-լիբերալ «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» զբաղեցրեց երրորդ տեղը՝ 22 մանդատով։ Անի Զալինյանի թեկնածությունը առաջադրած «GroenLinks-PvdA» դաշինքը խորհրդարանում ապահովեց 20 տեղ, ինչն ավելի քիչ է նախորդ ընտրություններում ստացած 25-ի համեմատ։

Մինչև խորհրդարանում ընտրվելը իրավաբան Անի Զալինյանը Նիդերլանդների արևմուտքում գտնվող Հեմսկերկ քաղաքում քաղխորհրդի պատգամավոր էր։ Այնտեղ նա պատասխանատու էր այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են բնակարանաշինությունը, տարածական պլանավորումը, կլիմայի փոփոխությանը հարմարվելը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։