31/10/2025

Շիրակի մարզպետը դեռ տեղյակ չէ, որ իր խորհրդականը բռնություն է գործադրել պարեկային ծառայողի նկատմամբ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի գտնվել Գյումրիում և տեղեկություն չունի այնտեղ տեղի ունեցած դեպքերի մասին։

Նրա խոսքով՝ նախօրեին մասնակցել է կառավարության նիստին և այդ ընթացքում բացակայել է մարզից։

Ավելի վաղ տեղեկություն կար, թե մարզպետի խորհրդականը բռնություն է գործադրել պարեկային ծառայողի նկատմամբ։ Դավիթ Առուշանյանը նշեց, որ դեռ պետք է անձամբ մեկնի Գյումրի՝ պարզելու իրավիճակը. «Զանգով տեղեկանալ կարող էի, բայց նախընտրում եմ տեղում հասկանալ, թե ինչ է եղել։ Այն, ինչ լսել եմ, դեռ ճշտման կարիք ունի»:

«Մենք ամեն գնով իշխանություն վերցնելու գործելաոճ չունենք»,- ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը․ «Իշխանություն վերցնելու մի ձև գիտենք. դա լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք. լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում»:

Իսկ թե ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, Առուշանյանը որոշ մանրամասներ է հայտնել․ «Ավագանու ցուցակը մեծ է, որևիցե մեկին եթե հրավիրում են իրավապահ համակարգի խնդիրներ պարզաբանելու, իմ տեղեկություններով, Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու: Գործընթաց է, որն իր հունով գնում է. իրենք իրենց ներկուսակցական խնդիրներն են լուծում:

Մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ էլ նպատակ կա, ոչ էլ պատկերացում, թե ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրենց ավագանիները հերթով գալիս, իրենց քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը ևս իրենց տեղում են, ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի ուժ են գործադրում, որևիցե ուժ չկա, մարդիկ իրենց աշխատանքին են: Կա իրավական գործընթաց, կանչում քննում են, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը թե՛ ավագանիները, թե՛ համայնքապետարանի աշխատողները, առաջին տեղակալն է տեղում, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ, քաղաքապետարանն իր բնականոն հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է»:

Նա ընդգծել է, որ իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով, մոտեցումներով․ «Իրավապահ համակարգն անում է իր աշխատանքը, իր համար մեկ է, թե դա նախընտրական պրոցեսների վրա կամ ընտրությունների վրա ինչքան է ազդելու: Եթե որևիցե մեկը օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել: Ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեկ երրորդը ընդդիմադիր քաղաքապետներ են, և ՔՊ-ն տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում իշխանություն չունի: Նույն Շիրակի մարզում էլ մենք ունենք ընդդիմադիր Ամասիա համայնքը: Պնդել, որ ՔՊ-ն, իշխանությունները համայնքապետներին հետապնդում են, որ ընտրություններում ձայներ տանեն, չի համապատասխանում իրականությանը: Մեր իշխանության մեջ որևիցե մեկը լիազորություն չունի իրավական, դատական համակարգի վրա ազդեցություն ունենալու և ցանկություն էլ չունի, քանի որ հեղափոխությունը նաև դրա համար է եղել, որ իշխանությունները չկարողանան ազդեցություն ունենալ իրավական և դատական համակարգի վրա»: