31/10/2025

15 անտառապահից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

2020 թ․ մարտի 6-ից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սուրեն Զարգարյանի, Գագիկ Պողոսյանի, Արմեն Զարգարյանի, Մեհրաբ Պետրոսյանի, Շահեն Քոչարյանի, Արայիկ Սարուխանյանի, Արարատ Թամրազյանի, Գագիկ Մելյանի, Սարգիս Բեգլարյանի, Սերգեյ Մելյանի, Արտուր Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուշան Կոխլիկյանի, Արայիկ Սողոմոնյանի, Վահե Գուլանյանի դատավարությունը։

Նրանց՝ բորորին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, Դիլիջան ազգային պարկի անտառապահներ, 2014-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, այն է՝ տեւական ժամանակ նրանց  պահաբաժինների տարածքում ապօրինի կերպով հատվել են տարբեր տեսակի ծառեր։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»): Ապօրինի ծառահատումները իրավապահները գնահատել են որպես ծանր հետեւանքներ եւ շուրջ հինգ տարի է՝ տարեց մարդկանց դատում են։ Դատում են անգամ այն ժամանակ, երբ կատարված արարքի պատժման վաղեմության ժամկետը որոշ դեպքերում լրացել է, եւ եթե անգամ նրանք մեղավոր ճանաչվեն, չեն կարող պատժվել՝ օրենքը դա թույլ չի տալիս։

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Գագիկ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին։ 2023թ․ մարտի 30-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագով) քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 2023թ․ հունիսի 25-ին Դիլիջան քաղաքում կայացած դատական նիստում դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Արտուր Մարտիրոսյանի, Ռուշան Կոխլիկյանի, Սերգեյ Մելյանի եւ Սարգիս Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրանց նկատմամբ  ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը եւ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացնել: 2025թ․ հուլիսի 14-ին Դիլիջանում կայացած նիստում դատավոր Ս․ Մարդանյանը որոշել է Արայիկ Սարուխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը եւ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացնել։

Այս քրեական գործով մեղադրյալները հիմնականում Դիլիջան քաղաքի, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ գյուղերի բնակիչներ են, ովքեր ունեն 8-ամյա, միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն, նրանցից ոմանք տարեց մարդիկ են։ Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումից ազատված Սարգիս Բեգլարյանը ծնվել է 1945 թվականին, նրա 80-ամյակն այս տարվա մարտին է լրացել։ Սերգեյ Մելյանը ծնվել է 1950-ին, 2025թ․ ապրիլին լրացել է նրա 75-ամյակը, Արայիկ Սարուխանյանը ծնվել է 1954-ին։ Ավելի քան 5․5 տարի շարունակվող դատավարության հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին։