13/11/2025

Ալիևը փաստացի տոնել է Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումը

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին «թագադրվելու» մտադրություն է ունեցել: Որքանով հասկացվում է իշխանական minval.az-ի հրապարակումից, «հաղթանակի զորահանդեսին» մասնակցության հրավեր է հղել տասնյակ երկրների առաջնորդների:

Բաքվում ներկա են գտնվել միայն Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետը: Ալիևի «հաղթակամարը» չեն հարգել Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները:

Դեսպանի մակարդակով Ալիևի հրավերն ընդունել են Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Մոլդովան, Չինաստանը, Իսրայելը, Իրանը: Մեծ Բրիտանիան, Չիլին, Աֆղանստանը, Իտալիան ներկայացվել են գործերի ժամանակավոր հավատարմատարի, իսկ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Լեհաստանը՝ դեսպանատների ռազմական կցորդի մակարդակով:

Գերմանիայի, Լատվիայի, Շվեյցարիայի դեսպաններն այդ օրը «Բաքվից բացակայել են»: Եվրամիության դեսպանն իր բացակայությունը պատճառաբանել է «անհետաձգելի հանդիպում ունենալու» հանգամանքով, Հունաստանի դեսպանն արձագանքել է, որ «պատրաստվում է հայրենիք մեկնել»:

Մր շարք երկրների դեսպաններ և միջազգային կառույցների ռեզիդենտներ Ալիևի հրավերը չեն ընդունել առանց որևէ պատճառաբանության, պարզապես անտեսել են: Այդպես են վարվել, մասնավորապես, Ֆրանսիայի և Նիդեռլանդների դեսպանները, ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, իսկ Էստոնայի և Իսպանիայի դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ-ին հայտնել են, որ «գերադասում են միջոցառմանը հետևել հեռուստացույցով»:

Իշխանական լրատվամիջոցը չի կոնկրետացնում, թե ո՞ր երկրների առաջնորդներին են Բաքվում սպասել և խոր հիասթափություն ապրել, բայց ամբողջ զայրույթը հասցեագրում է Ֆրանսիային և Եվրամիությանը, որ, իբր, «Ադրբեջանի հաղթանակին նախանձում են»:

Ավելին, Բաքվի իշխանական լրատվամիջոցն իրեն թույլ է տվել ձևակերպել, որ ցուցադրված սպառազինությունները «վկայում են Կասպյան տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական գերակայությունը, ինչից որոշ երկրներ սարսափում են»:

Կասպյան տարածաշրջանի երկիր է Ռուսաստանը, ինչպես նաև՝ Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը: Ադրբեջանական քարոզչությունը փաստացի բացահայտում է, որ Իլհամ Ալիևը բոլորին ռազմական ներուժ ցուցադրելու և այդ դիրքերից քաղաքական հեղինակություն պարտադրելու մտադրություն է ունեցել, որ, սակայն, իրականություն չի դարձել:

Այս առումով խիստ արտառոց է ալիեւյան «հաղթանակի զորահանդեսին» Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովի ներկայությունը: Ուժի ցուցադրման առաջին հասցեատերն, ըստ էության, Մոսկվան է, հինգ տարի առաջ ՌԴ նախագահ Պուտինն է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր մտցնելու մասին հրամանագիր ստորագրել՝ ստանալով Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի համաձայնությունը:

Ալիևը փաստացի տոնել է Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմանկարի փոխակերպումը: Ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական երկրները, Եվրամիությունը և ՄԱԿ-ը տոնախմբությանը չեն միացել:

Մի՞թե Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի ուժի ցուցադրումը Կասպյան տարածաշրջանում ծառայելու է նաև իր շահերին: