13/11/2025

Ինքնաթիռը «կործանվել է մի տարածքում, որ դարեր շարունակ օսմանյան մարզ է եղել, բայց անցել է Վրաստանին»

Թուրքական մամուլի հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ վրաց-ադրբեջանական սահմանին ռազմատրանսպորտային «Հերկուլես» ինքնաթիռի խորտակման պատճառների հետաքննության պատրվակով Անկարան Վրաստան է գործուղել ոչ միայն քրեագետների և զինվորական մասնագետների խմբեր, այլև հատուկ նշանակության ջոկատներ, որ վերահսկողություն են հաստատել աղետի ամբողջ տարածքում:

Բաքվի իշխանական haqqin.az-ը «Հերկուլեսի» կործանման առթիվ սենսացիոն տեղեկություն է հրապարակել: Ըստ այդմ, սոցիալական ցանցերի թուրքական սեգմենտում երեկվանից բազմաթիվ հրապարակումներ են արվել, որ «Ադրբեջանից հայրենիք վեադարձող ինքնաթիռը ենթարկվել է Ռուսաստանի ՀՕՊ ուժերի հարձակմանը»:

Այս տեղեկությունը կարելի էր անուշադրության մատնել, եթե նույն աղբյուրը չհրապարակեր Անկարայում Ռուսաստանի դեսպանատան՝ սոցիալական X հարթակում թուրքերեն լեզվով կատարված հետևյալ գրառումը. «Ինչպե՞ս կարող էր որևէ մեկի գլխում նման միտք ծագել: Մենք ձեր թշնամին չենք: Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար անում է ամեն ինչ»:

Այս արձագանքից կարելի է վստահության մեծ չափաբաժնով եզրակացնել, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը «Հերկուլեսի» կործանման պատճառների վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական շրջանակներից ինչ-որ ազդակ, այնուամենայնիվ, ստացել է: Թուրքական հանրությանը «հանգստացնելու» առաքելություն Անկարայում ՌԴ դեսպանատունը չէր կարող ստանձնել, եթե երևույթը սոսկ սոնցացային «աղմուկ» լիներ:

Նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հասել են ամենաբարձր՝ ռազմավարական միասնականության, մակարդակի: Նա, թերևս, առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Ադրբեջանում ձևավորվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող զինված ուժեր: Փաստացի դա նշանակում է թուրքական և ադրբեջանական զինված ուժերի նույնացում:

Թուրքիան Ադրբեջանի հետ հաղորդակցության մի երթուղի ունի, որ անցնում է Վրաստանով: «Հերկուլեսի» կործանումը, եթե անգամ Ռուսաստանը դրանում մասնակցություն չունի, վկայում է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ օդային միջանցքն անվտանգ կամ այնքան էլ հուսալի չէ: Անկարան, բնականաբար, չի կարող Ադրբեջանի հետ միասնական զինված ուժեր կառուցելու ծրագրից հրաժարվել:

«Հերկուլեսի» կործանումն այս տրամաբանությամբ կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Թուրքիան Վրաստանի հետ քննարկի այդ երկրի տարածքում թուրք-ադրբեջանական օդային միջանցքի անվտանգությունը «համատեղ ապահովելու» հարց:

Հնարավոր է, որ Վրաստանի հետ համանման խնդիրներ քննարկի նաև Ադրբեջանը, որ օդային հաղորդակցության հետ կապված Ռուսաստանի հետ լրջագույն խնդիրներ ունի անցյալ տարեվերջից ի վեր: Բարդ է կանխատեսել, թե ի՞նչ դիրքորոշում կունենա «Վրացական երազանքի» կառավարությունը, եթե Էրդողանը և Ալիևը նման առաջարկություն անեն:

Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ Վրաստանի օդային տարածքը ծառայում է Եվրոպա-Կենտրոնական Ասիա, ինչպես նաև՝ Ռուսաստան-Մերձավոր Արևելք հաղորդակցությանը:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը ՖԲ-ում գրել է, որ թուրքական ինքնաթիռը «կործանվել է մի տարածքում, որ դարեր շարունակ օսմանյան մարզ է եղել, բայց անցել է Վրաստանին»: Շատ չարագուշակ գրառում է: