Սոցիալական մեդիայում տարածվում է տեսանյութ, որում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, թե Հայաստանում 6 ամսվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է մասնակցել ԱԺ ընտրություններին։
«Բերել հնդիկներին, պակիստանցիներին, էստեղ մոտոցիկլետ են քշում․․․ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ 6 ամիս եթե Հայաստանի հաշվառում ունես, դու իրավունք ունես մասնակցել ընտրություններին։ Հնդիկն ո՞վ է, որ իմ համար գա Ազգային ժողով ընտրի։ Հնդիկն ո՞վ է, որ գա մեր օրենսդիր մարմնի ընտրությանը մասնակցի»,- տեսանյութում ասում է ԱԺ նախկին պատգամավորը («Բարգավաճ Հայաստան»)։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախկին պատգամավորի պնդումը և պարզել, որ այն սխալ է, Հայաստանում 6 ամսվա հաշվառում ունեցող քաղաքացին իրավունք չունի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Տեսանյութը 4 հազարից ավելի հավանում ունի, հարյուրավոր տարածումներ։
Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին՝ օրենսգիրքն ավելի մեղմ մոտեցում է նախատեսել։
Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն․
- Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված.
3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):
Այսպիսով, Գևորգ Պետրոսյանի պնդումը, թե ՀՀ-ում 6 ամսվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, սխալ է։
Գայանե Մարկոսյան






Բաց մի թողեք
Դաջվածքով ֆեյք դպիրը ԱԺ ՔՊ-ական պատգամավորի օգնական է․ Լուսանկար
Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը. Լուսանկարներ, հղումներ
Գյումրու ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից