18/11/2025

Հայաստանի հետ դիվանագիտական որևէ կապ չունեցող Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ջերմացումը՝ կործանիչներ ձեռք բերելու գործարքով

Սաուդյան Արաբիան ծրագրում է Միացյալ Նահանգներից գնել 48 միավոր գերարդիական F- 35 կործանիչներ: Այդ մասին Bloomberg-ին հայտնի է դարձել Սպիտակ տան «իրազեկ աղբյուրներից»:

Նրանք ասել են, որ սաուդցիները «նման հայտ ներկայացրել են դեռևս տարեսկզբին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց կարճ ժամանակ հետո»:

Վաշինգտոնում սպասում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին-Սալմանի այցին, որի ընթացքում, ենթադրաբար, ԱՄՆ նախագահը «հավանություն կտա կործանիչների վաճառքին, եթե արաբ միապետը ճկունություն դրսեւորի «Աբրահամյան համաձայնություններին» միանալու և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»:

Պենտագոնում Reuters-ի աղբյուրն իր հերթին ասել է, որ ռազմական գերատեսչությունը «սաուդցիներին F-35 կործանիչներ վաճառելու հարցով հատուկ վերլուծություն է ներկայացրել Թրամփի վարչակազմին և մտահոգություն հայտնել, որ գործարքն իրականացնելու դեպքում ամերիկյան տեխնոլոգիաների մասին Չինաստանը կարող է տեղեկություններ ստանալ կամ հետախուզական, կամ Էր-Ռիադի հետ համագործակցության արդյունքում»:

Սաուդյան Արաբիային միանգամից 48 միավոր F-35 կործանիչների վաճառքի հավանականությունը հատկապես խիստ անհանգստություն է պատճառում Իսրայելին, որտեղ համարում են, որ այդ դեպքում հրեական պետությունը կզիջի տարածաշրջանում «բացառիկ պաշտպանված երկրի» դիրքերը, կսահմանափակվի նրա օդուժի «ազատ գործողության հնարավորությունը»:

Ինչպես հայտնի է, F-35 ձեռք բերելու «հաճախորդ» է նաև Թուրքիան, բայց Մեծ Բրիտանիայի հետ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որ Անկարային հնարավորություն է տալիս առաջիկա հինգ տարիների կտրվածքով գնել եվրոպական արտադրության քսան միավոր «Թայֆուն» կործանիչներ, վկայում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Էրդողանի հանդեպ կասկածամիտ մնալ:

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումն, այսպիսով, կարող է Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցության հանգեցնել: Այս առումով կարեւոր է, որ Թուրքիան ի դեմս Սաուդյան Արաբիայի ստանում է երկրորդ ազդեցիկ մրցակից՝ Իսրայելից հետո:

Իսկ եթե Թրամփին հաջողվի բին-Սալմանին համոզել, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ քայլ կատարի, ապա Նաթանյահուին մեկուսացնելու ուղղությամբ Էրդողանի գործադրած ահռելի ջանքերի չոր արդյունքը խիստ կասկածելի կմնա:

Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների գործընկերությունը հետաքրքրություն է ներկայացնում նաև այն առումով, որ Էր-Ռիադը բավական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, իսկ վերջերս նաև որոշակի քայլեր է անում Հայաստանի ուղղությամբ:

Այդ շփումները, հավանաբար, Հարավային Կովկասի նկատմամբ սաուդցիների հավասարակշռված վերաբերմունքի արտահայտություն են, որ ամրապնդվելու դեպքում դրականորեն կազդեն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:

Սաուդյան Արաբիան տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել և իսլամական աշխարհում Ադրբեջանի շահերի եռանդուն պաշտպաններից էր: