Հեռակա զրույց վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի հետ, որին երբևէ չեմ հանդիպել: Իմ լրագրողական գործունեության արշալույսին դեռ չէի կարդացել նրա վեպերը: Բախտ չվիճակվեց նաև նրան գործընկեր լինելու. արդեն քանի տարի աշխատում եմ Հայկական հանրագիտարանում, որտեղ Վարդանն աշխատել է մինչև 1987 թվականը:
Վարդան Գրիգորյանի հետ զրույցի անսպառ նյութ տալիս են նրա պատմավեպերը՝ «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք»: Երեքն էլ արդիական են, բայց առանձնահատուկ վերաբերմունք ունեմ «Դար կորստյան» երկի նկատմամբ, որը համարում եմ ծրագրային:
Ես միշտ անբացատրելի ցավով եմ խոսում անցյալում ստեղծված, բայց արդիական հնչողություն ունեցող գրական գործերի մասին: Սա, ըստ իս, հավերժական ցավ է, մեր պարագայում՝ գուցե թե հայկական ցավ, որովհետև մեր ազգային հարցերը չեն լուծվում, փոխարենն անընդհատ ավելանում են նորերը՝ էլ ավելի ծանրացնելով գալիք սերունդների բեռը: Այդ առումով Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» վեպը, որ գրել է 1980–82 թվականներին, արդեն իսկ դարձել է մեր ուղեկիցը:
Իսկ Վարդանի ուղեկիցը պատմությունն էր: «Պատմությունը՝ հավերժության մեջ քարացած ժամանակն է,– գրել է նա «Հավերժական վերադարձ» վեպում: – Պատմության մեջ վայրկյանը կարող է դար դառնալ, դարը՝ վայրկյան: Ժամանակը վերադառնում է, հարություն տալիս լուսավոր, դարը մթագնած շլացուցիչ ակնթարթին»: Հանուն ազատության խարույկ բարձրացած իր հերոսի՝ Սիմեոնի պես «…նա լսում և տեսնում էր ժամանակը, անցյալ դարձած ներկան՝ ներկա դարձած ապագայի բարձունքից»: Եվ սա գրել է Բրեժնև-Սուսլովյան լճացման տարիներին: Վարդանը մասնագիտությամբ պատմաբան էր և պատմական նյութը ներկայացնում է սեփական հայեցակետով, որն ինձ անչափ հարազատ է: Այստեղից էլ՝ մեր գաղափարական ներդաշնակությունը: Մի առիթով նա նշել է, որ ոչ միայն համադրում է պատմական փաստերը, այլև քննում է դրանց հոգեբանական երեսակները, վերհանում մոռացության մատնված էջեր, կարևորում պատմական անձանց կամ գործիչների հոգեվիճակները՝ այս կամ այն քայլից առաջ:
Պատճառահետևանքային կապերի որոնումներն էլ հնարավորություն են տվել նրան համոզիչ դարձնելու իր հերոսների արարքները, որոնցից պարտավոր ենք դաս քաղել այսօր բոլորս:
Սա անցյալի այն ընկալումն է և վերարժևորումը, որը բանական մարդուն միշտ տանում է պատմության խորքերը, որպեսզի հնարավորություն ունենա պատկերացնելու իր երկրի ու ազգի ապագան, որովհետև նրանց այսօրը պայմանավորված է միմիայն դրանցով: Այսինքն՝ եթե պատմությունից և հատկապես քո նախկին սխալներից դասեր չես քաղել, քո անիմաստ ու անհեռանկար ներկայով վտանգում ես ոչ թե քո, այլ երկրիդ ու ազգիդ ապագան: Այստեղ էլ համամիտ եմ Վարդանի տեսակետին, որովհետև ես էլ եմ կարծում, որ ներկա ժամանակ չկա. յուրաքանչյուր պահի այն դառնում է անցյալ:
«…Ինձ հուզողը Մարդ եւ Ժամանակ փոխհարաբերությունն էր,– մի առիթով գրել է Վարդան Գրիգորյանը:– Ներկան ժամանակի մեկ վիճակն է, գոյություն չունի առանց անցյալի և ապագայի, տվյալ պահին տեղի ունեցածը իմաստավորվում է լոկ երեկվանով և վաղվանով: Ժամանակի ամբողջական ընկալումն էր, որ ինձ տարավ մեր ժողովրդի պատմական անցյալը…»: Իսկ պատմական թեման միշտ է արդիական, եթե ուզում ես կերտել հուսալի ապագա: «Դար կորուսյալ» վեպում Վարդան Գրիգորյանն ուսումնասիրել և գեղարվեստորեն պատկերել է մեր պատմության թերևս ամենաողբերգական ու բեկումնային շրջանը՝ Անի կործանման, այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկման շրջանը, ներկայացրել հայրենի հողում գահակալած հայոց վերջին արքայատան կործանման պատմությունը, հայոց պետության ու պետականության կորուստը մեր բնօրրանում: Վեպի գլխավոր հերոսի՝ Գայլ Արշավիրի կերպարում ինձ համար ակնառու է հեղինակի՝ հայրենիքի ու ազգի հայեցակարգային աշխարհընկալումը՝ որպես հավիտենական արժեքներ, պետության ու պետականության աշխարհընկալումը՝ որպես բացարձակ արժեքներ: Գայլ Արշավիրը ոգեղեն կերպար է, որով Վարդան Գրիգորյանը գեղարվեստորեն խտացրել, բյուրեղացրել է իր իդեալը: Նրա միակ «մեղքը» անձնուրաց ու անմնացորդ հայրենասիրությունն է, «իր իսկ սիրո ծանրության տակ» ճզմվում է և դաժանորեն է պատժվում:
Իր կյանքի մայրամուտին հասած իշխանը, վերլուծելով Անիի, այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկման պատճառները, խոստովանում է նաև իր «մեղքը». «…ճիշտ եք, հայոց իշխաններ… բոլորիդ ատում էի, և ատում էի ամեն ինչ՝ երկինքն ու գետինը, չարն ու բարին, ատում էի նաև ինձ, որ կործանվող երկրի զավակ էի, որ անկարող էի ոչ հաղթել և ոչ էլ հաշտվել կորստյան հետ…»: Ըստ իս՝ սա ամենաանփարատելի վիշտն ու անհատակ ողբերգությունն է, որ կարող է ապրել բանական էակը: Իր վերջին շնչում նա «միայն իրեն ծնած այս մի կտոր հողի անմահությանն է հավատում». «…ձեռքն այնպես է կառչել հողից, որ ոչ մի ուժ ընդունակ չէ նրան կտրել գետնից: Եղածը մի գրկաչափ է, բայց թվում է՝ ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ կտոր հողը»: Այսպես է ավարտել իր վեպը վաղամեռիկ վիպասանը:
Պատկերավոր է նաև վեպի սկիզբը: Բնաբանը Մատթեոս Ուռհայեցուց է, պատմիչ, որ վախճանվել է Անիի կործանումից գրեթե 100 տարի անց՝ 1145-ին: Իր «Ժամանակագրության» մեջ նա գրում է. «…Այս է մեղաց պտուղն, զոր ցանեցին հարքն մեր եւ եւթնապատիկ ժողովեցին»: Չափազանց խոսուն է, շատ բան ասող, բայց քանի որ ասողին լսող չկա, ցայսօր մեզանից շատերը չեն հասկացել ու չեն էլ ուզում հասկանալ, որ սեփական «երկրից ելածը նոր հայրենիք չի գտնի»:
Գայլ Արշավիրի այս և այլ մտքեր ու դատողություներ չափազանց կենսական են նաև մե՛զ համար: 11-րդ՝ «կորստյան դարի» ողբերգական հանգույցների՝ հայ աշխարհիկ ու հոգևոր իշխանավորների, նախարարների անհեռատես ու անմիաբան գործողությունների, մորթապաշտության, օտարներին հաճոյանալու, հնազանդվելու և վաճառվելու պատրաստակամության, մանր ու միջին պաշտոնյաների ողորմելի կամակատարության, համաճարակի պես գրեթե բոլորին վարակած ընչաքաղցության և Բագրատունյաց թագավորությունը կործանած մյուս ախտերի մասին է մեր այսօրվա հաղորդումը, որը, ըստ էության, հեռակա երկխոսություն է Վարդան Գրիգորյանի հետ՝ ըստ «Դար կորստյան» վեպի:
Ի դեպ, երկը չեմ վերլուծելու, գրականագիտական գնահատականներ չեմ տալու: Պարզապես վեպի առանձին դրվագների միջոցով փորձելու եմ վերհանել գրողի մտահոգություններն ու տագնապները, որոնք, դժբախտաբար, հայերիս համար դարձել են հավիտենական: Ենթադրել կարելի է, որ նմանատիպ կացության մեջ են կործանվել Արշակունիների թագավորությունը, Հայաստանի առաջին հանրապետությունը…
***
Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» երկը չափազանց արդիական է հատկապես իր դասերով, և սա պետք է սեղանի գիրք, այսինքն՝ դասագիրք լինի յուրաքանչյուր հայի համար, եթե, իհարկե, նա ուզում է ապրել սեփական երկրում՝ սեփական դրոշի ներքո, եթե նա ուզում է պահպանել իր պետական կառույցները, իր լեզուն ու մշակույթը, եթե նա ուզում է հզորացնել ու շենացնել իր երկիրը, ամրապնդել իր բանակը, այլապես նրա աշխատանքի արդյունքից օգտվելու են օտարները, ինչպես եղավ դարեր շարունակ՝ չարաբաստիկ 1045 թվականից ի վեր…
Հասմիկ Գուլակյան; «Վէմ» ռադիոկայան






Բաց մի թողեք
Զգո՛ւյշ եղեք, տիկնայք ու պարոնայք, որ հանկարծ Հերովդես չդառնաք․ Բաց նամակ ․․․
«Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է»
Փոխարենը կյանքի պղտոր հորձանքից լուրջ դաս են առել Գուրգեն Խանջյանի անառակ զավակները