Վաշինգտոնյան օրացույցով՝ նոյեմբերի 25-ի երեկոյան, մինչ Երեւանում արդեն նոյեմբերի 26-ն էր եւ կեսգիշեր, պայթեց Սպիտակ տանն առնչվող հերթական սկանդալը, որը, ենթադրելի է, ասպարեզից կհեռացնի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, իսրայելա-պաղեստինյան եւ ռուս-ուկրաինական հակամարտությունների հարցերով գլխավոր բանակցող, նախկին իրավաբան եւ անշարժ գույքի գործակալ, Թրամփի գործընկեր եւ մտերիմ Սթիվ Ուիթկոֆին։
Նոյեմբերի 25-ի երեկոյան Bloomberg գործակալությունը հրապարակեց իր տրամադրության ներքո հայտնված մի հեռախոսազրույցի սղագրություն, որը կայացել էր հոկտեմբերի 14-ին՝ Սթիվ Ուիթկոֆի եւ ՌԴ նախագահի միջազգային հարցերով խորհրդական, թե օգնական Յուրի Ուշակովի միջեւ։ Bloomberg-ի մոտ հայտնվել էր զրույցի բուն ձայնագրությունը, որը գործակալությունը հրապարակեց տպագիր տեքստով։ Սղագրությունն անմիջապես, որպես breaking news, տարածվեց միջազգային լրատվամիջոցներով, հասանելի էր բազմաթիվ կայքերից, նաեւ՝ հայկական ԶԼՄ-ներից։
Մի քանի բառով՝ ինչի մասին է զրույցը․ ենթադրաբար, զանգահարողն Ուիթկոֆն է, որի հիմնական ուղերձն այն է, որ մինչեւ հոկտեմբերի 16-ին Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն ժամանելը եւ Սպիտակ տանը Թրամփին հանդիպելը ցանկալի կլինի, որ Պուտինը զանգահարի Թրամփին (իրականում այդպես էլ եղել է): Այնուհետ Ուիթկոֆը խոստովանում է, թե ինքն ինչ խոր հարգանք է տածում Պուտինի հանդեպ եւ ինչպես է Թրամփին համոզում, թե ռուսներն անկեղծորեն խաղաղություն են ուզում։
Նաեւ հրահանգավորում է Ուշակովին, թե ռուսական կողմն ինչպես շողոքորթի եւ քծնի Թրամփին Պուտին-Թրամփ ակնկալվող հեռախոսազրույցի ընթացքում։ Թերեւս ամենակարեւոր հանգամանքն էլ Թրամփ-Պուտին շփումից Ուիթկոֆի համար այն է, որ Պուտինն անձամբ Թրամփին ասի, թե ռուս-ուկրաինական հակամարտությունում էլ հնարավոր է Գազայի հակամարտության նման խաղաղության հասնելու 20 կետանոց մի ծրագիր կազմել, քննարկել։ Այդ գաղափարին Թրամփի հավանությունը ստանալուց հետո Ուիթկոֆն արդեն կունենա գործելու ազատություն եւ Ուշակովի հետ կհամագործակցի խաղաղության հասնելու գործում։
Այս սկանդալի պայթելուց հետո ամենահաջող հարցադրումը կատարել էր լոնդոնյան Deily Telegraph-ը։ Գրել էին՝ հետաքրքիր է, եթե Ուիթկոֆը լիներ Ռուսաստանի հավաքագրված գործակալ, կկարողանա՞ր ինչ-որ բան ավելի անել։ ԱՄՆ սենատորների ու կոնգրեսականների մոտ, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից, Ուիթկոֆ-Ուշակով հեռախոսազրույցի սղագրությունը, սակայն սրամտելու մեծ տրամադրություն չէր առաջացրել։ Նրանք ուղիղ տեքստով քննադատում էին Ուիթկոֆին, պահանջում նրա հեռացումն ասպարեզից, եւ որ թույլ տրվի՝ պետքարտուղար Ռուբիոն նորմալ աշխատի։
Թրամփը ճարահատյալ միջամտեց գեներացող սկանադալին, հեքիաթ պատմեց, իբր ինքը սղագրությունը չի տեսել, բայց իրեն ասել են, թե սովորական հեռախոսային խոսակցություն է եղել, art of dealing-ը՝ գործարքներ կնքելու արվեստը հենց այդպիսին է, պետք է դիմացինիդ տրամադրես, երբ հարկ է՝ շողոքորթես, կարողանաս վաճառել-վաճառվել, գնել-գնվել, Ուիթկոֆն ուկրաինացիների հետ էլ է այդպես բանակցում եւ այլն։ Մի խոսքով, ունկնդիրների ականջներից կախվող լապշաներ․․․ Սակայն թե՛ քաղաքական, թե՛ լրատվական շրջանակների գնահատականն այն է, որ Bloomberg-ի արտահոսքով Ուիթկոֆի գործունեության դամբանականը գրվեց։
Գարնանն էլ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի շուրջ սկանդալը պայթեց․ նա The Atlantic-ի խմբագրին՝ պատահմամբ, սխալմամբ, թե գիտակցաբար, հրավիրել էր Signal App-ի փակ շփման խումբ, որտեղ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեֆը ուղիղ ժամանակային ռեժիմով տեղադրում էր հութիների դեմ ռազմական գործողության մանրամասները, որոնք մի 15-30 րոպե հետո դառնում էին իրականություն: Այն, որ ԱՄՆ ազգային անվտանգության մեկ տասնյակի չափ պատասխանատուներ` CIA-ից, FBI-ից մինչեւ Պենտագոն ու Պետդեպ, բջջային հեռախոսի հավելվածով ռազմական գործողության մանրամասներ են քննարկում եւ ընթացքին հետեւում, ԱՄՆ-ում մարդկանց շոկի մեջ գցեց։ Թրամփն այն ժամանակ էլ լապշաներ կախեց, իբր արտասովոր ոչինչ չի պատահել, լրատվամիջոցներն են արհեստական սկանդալ բարձրացնում, բայց մեկ ամիս էլ չանցած՝ Մայք Վալցն այլեւս իր պաշտոնում չէր եւ հեռացել էր Սպիտակ տան վարչակազմից։ Շատերի կարծիքով, Ուիթկոֆի դիվանագիտական գործունեության վերջաբանն էլ նույնկերպ կլինի։
Գալով հարցին, թե ով կարող էր Bloomberg-ին հասած հեռախոսազրույցի արտահոսքը կազմակերպել՝ ենթադրությունները տարբեր են։ Առավել հավանական է այն, որ եվրոպական երկրներից խոսակցությունը լրտեսական միջոցներով ձայնագրված լինի, ներկա պահին էլ ըստ անհրաժեշտության տարածեն՝ հավելյալ ճնշում գործադրելու եւ ցույց տալու համար, որ Թրամփը չի տարբերում՝ ում համար է աշխատում, ում շահերն է պաշտպանում, նա ռուսական 28-կետանոց ծրագիր է ԱՄՆ-ի կողմից ասպարեզ բերել։ Ի դեպ, Bloomberg-ը, Ուիթկոֆ-Ուշակով հեռախոսազրույցից բացի, նաեւ Յուրի Ուշակովի եւ մեկ այլ ռուս պաշտոնյայի միջեւ կայացած երկրորդ հեռախոսազրույցի սղագրություն է հրապարակել, որտեղ խոսակիցներն ասում են, թե շրջանառվող «28 կետը» համարյա լիովին կրկնում է ռուսական ծրագիրը։
Սպիտակ տունը, անհարմար վիճակից դուրս գալու համար, մեկնաբանել է կամ գուցե խոստովանել է իրականությունը, թե՝ այո, «28 կետը» ռուսական ծրագիր է, այսքան ամիս չէինք կարողանում ռուսներից մի հոդաբաշխ խոսք լսել, թե որոնք են իրենց կարմիր գծերը, եւ ինչ զիջումների են պատրաստ գնալ։ «28 կետով» վերջապես Մոսկվայի դիրքորոշումը թղթի վրա ամրագրվել է, Վաշինգտոնն էլ դա հրապարակել եւ փոխանցել է ուկրաինական կողմին՝ Կիեւի մոտեցումները ստանալու համար։ Դրանից հետո, ինչպես բոլորին հայտնի է, անցյալ շաբաթավերջին՝ նոյեմբերի 23-ին, Ժնեւում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում «28 կետը» վերածվել է «19 կետի»։ Նախագծի այնպիսի ակնհայտ պրոռուսական ձեւակերպումներ, ինչպիսին ուկրաինական զինուժի վերին սահմանաչափ նշելն էր կամ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց, առհասարակ ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք ընդլայնվելուց հրաժարվելը կամ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքները, որ Ռուսաստանը 2014-ից ի վեր չդադարող պատերազմով չի կարողանում գրավել, հանկարծ վերցնել ու Ռուսաստանին նվիրելը եւ այլն, այլեւս դուրս են քննարկումից։ Թե այս նոր «19 կետը» որքանով ընդունելի կլինի ռուսների համար՝ մեծ հարց է։ Արդյունքում ոչ միայն մինչեւ ՍՄՆ-ում նոյեմբերին տոնվող Thanksgiving Day-ը (այս տարի նշվում է նոյեմբերի 27-ին), այլեւ մինչեւ Ամանոր ռուս-ուկրաինական հակամարտությունում համաձայնությունների հասնելը Վաշինգտոնում էլ լուրջ կամ հավանական չեն համարում։
Այնպես որ, «28 կետի» միակ շոշափելի արդյունքը, հավանաբար, լինելու է Սթիվ Ուիթկոֆի հեռացումն ասպարեզից։
Հանուն արդարության պետք է նշել, որ դեռ գարնանը ամերիկյան մամուլում կային նման խոսակցություններ, թե Ուիթկոֆն օգնում է Թրամփին, քանի որ վայելում է նրա բացարձակ վստահությունը, բայց մտադիր չէ ողջ կյանքում կամ Թրամփի նախագահության ողջ շրջանում բանագնաց լինել, մինչեւ տարեվերջ հեռանալու է։ Մանավանդ՝ անցյալ տարի կնոջից բաժանվել է (շուրջ 40-ամյա համատեղ կյանքից, ամուսնությունից հետո), հիմա նոր սիրուհի ունի, մարդը ցանկանում է ապրել, կյանքը վայելել եւ մինչեւ տարեվերջ բանագնացի պարտականությունները վայր է դնելու։
Քաղաքականության մեջ, սակայն, հետաքրքիրը հեռացողները չեն, այլ՝ մնացողները եւ նոր եկողները։ Գարնանը, երբ Մայք Վալցը հեռացավ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, խորհրդականի պարտականությունները տրվեցին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ 2025-ի մայիսի 1-ից պետքարտուղար լինելուն զուգահեռ, Ռուբիոն նաեւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Միանգամայն սպասելի է, որ Ուիթկոֆի հեռանալուց հետո իսրայելա-պաղեստինյան եւ ռուս-ուկրաինական հակամարտություններում գլխավոր բանակցողի պարտականությունները նույնպես ստանձնի Մարկո Ռուբիոն։ Դա էական նշանակություն կունենա միջազգային հարաբերությունների համար, քանի որ Թրամփի ինքնահնար մեթոդներից ու էքսպերիմենտներից հետո ամերիկյան դիվանագիտությունը վերստին կվերադառնա կոնվենցիոն դաշտ։
Մարկո Ռուբիոյի դիրքերի նման ամրապնդումը սպասելի է, որ դրական նշանակության ունենա Հայաստանի համար։ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում օրակարգային առաջնահերթությունը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի տեսակետից, իհարկե, Կիլիկիայի եւ Միջերկրական ծովի հետ Հայաստանի հաղորդակցություն հաստատելն է։ Հայաստանի համար նաեւ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկումը, որը դուռ կբացի դեպի երկրի ապագա եվրա-ատլանտյան ինտեգրում։

Բաց մի թողեք
ԵՄ-ն պե՞տք է ուղղակիորեն խոսի Պուտինի հետ. Առաջնորդները համաձայն են, որ առայժմ համաձայն չեն
Եվրոպայի ինքնավարության ձգտումը բացահայտում է հին թերությունները
5 քայլ՝ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու համար 2027 թվականին