02/12/2025

Ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է հրապարակայնացվելու Կենտրոնական Ասիա – Հարավային Կովկաս ինտեգրացիայի նախագիծը

Իլհամ Ալիևը ընդունել է «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» ձևաչափով Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության նոյեմբերի 27-ի հրապարակումից:

«Երախտապարտ եմ հրավերի համար և այն ընդունում եմ մեծագույն հաճույքով»,-Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին գրել է Իլհամ Ալիևը և կարևորել Ադրբեջանի մասնակցությունը «ռազմավարական կարևոր՝ պատմա-մշակութային միասնական տարածքի ձևավորմանը»:

Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ «պատմա-մշակութային միասնական տարածքը»՝ դեռեւս ոչ մեկի համար ոչ միայն հասկանալի, այլեւ անգամ կանխատեսելի չէ, բացի նրանից, որ Ադրբեջանի կոմունիկացիոն ենթակառուցվածքները պետք է ծառայեն Չինաստան-Եվրոպա և Կենտրոնական Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումներին:

Ընդ որում, տառացիորեն մի քանի օր առաջ Չինաստանը Կենտրոնական Ասիայի երկրների, Իրանի և Թուրքիայի հետ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում բեռնափոխադրումներ իրականացնելու համաձայնագիր է ստորագրել, որի իրականացումը գրեթե հավելյալ ներդրումներ չի պահանջում:

Թուրքմենստանի առաջնորդ Բերդիմուհամեդովին Ալիևի ուղերձի հրապարակման պահը վկայում է, որ «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» ձևաչափով Խորհրդատվական խորհրդի գումարման մասին տեղեկատվության հասցեատերը Ռուսաստանն է. նոյեմբերի 27-ին Բիշքեկում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, իսկ այդ ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցում է Կենտրոնական Ասիայի երեք երկիր՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Ընդ որում, վերջին երկու երկրներում Ռուսաստանը ռազմահենակայաններ ունի, որ, ինչպես Ղրղզստանի նախագահ Ժապարովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Վլադիմիր Պուտինը, «տարածաշրջանի կայունության երաշխիք են»:

Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը «թեև երկու երկրների հարաբերություններում լարվածությունը մեղմել է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են չկարգավորված»:

Բաքվի քարոզչությունը Կենտրոնական Ասիայի Խորհրդատվական խորհրդի ձևաչափին Ադրբեջանի ներգրավվածությունը ներկայացնում է որպես Ալիևի կողմից տարածաշրջանի երկրներին «եղբայրական աջակցություն», բայց ըստ էության Ղազախստանի նախագահ Տոկաևի այդ նախաձեռնությունը շատ որոշակիորեն ապահովագրում է Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ միայն սեփական և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության ռեսուրսներով Ադրբեջանը չի կարող երաշխավորել անվտանգություն, ինքնիշխանություն և տնտեսական ու կոմունիկացիոն ինքնաբավություն:

Կենտրոնական Ասիայի հետ «ընդհանուր պատմա-մշակութային տարածքում» Ալիևը դա հնարավոր է տեսնում: Եթե, իհարկե, Կենտրոնական Ասիայի հինգ երկրները նախ ներքին, ապա և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում կոնսենսուսի հասնեն, իսկ Եվրամիությունը և Չինաստանը ճանաչեն նոր ձևաչափը:

Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական առումով կանխածրագրվում է Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս հիպերտարածաշրջան, և Ադրբեջանը, որքան էլ Ալիևի հավակնությունները մեծ լինեն, չի կարող փոխարինել նաև Վրաստանին և Հայաստանին:

Ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է հրապարակայնացվելու Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս ինտեգրացիայի նախագիծը: Առայժմ Իլհամ Ալիևը «շոշափում է» Վլադիմիր Պուտինի նյարդերը: Ըստ երևույթին, այդ դերը նրան վերապահել են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները: