Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին: Բնականաբար, ուշադրության կենտրոնում եղել է ուկրաինական կարգավորումը:
Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ եկող շաբաթ Մոսկվա է այցելելու ամերիկյան պատվիրակությունը, բայց հավելել է, որ «ոչ մի ծրագիր գոյություն չունի, կան առաջարկությունների հավաքածու, որ դեռ պետք է թարգմանվի դիվանագիտական լեզվի, քանի որ մի քանի մտքեր պարզապես ծիծաղելի են»:
Ըստ Վլադիմիր Պուտինի, ներկայացված 28 կետերը պետք է կազմեն ապագա պայմանագրի չորս բաժինները: Նա ասել է, որ եթե Ուկրաինան համաձայնի զորքերը ետ քաշել, ապա Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը, եթե՝ ոչ, ապա Մոսկվան առաջադրված նպատակներին կհասնի ռազմական ճանապարհով:
Ռուսաստանի նախագահը, սակայն, նույն տեղում «վրիպակ է թույլ տվել»: Ըստ նրա, ներկայումս «գործանականում և իրավաբանորեն հնարավոր չէ Ուկրաինայի հետ պայմանագիր ստորագրել», ուստի Ռուսաստանն ակնկալում է «միջազգային հիմնական դերակատարների կողմից ճանաչում»:
Ովքե՞ր կամ ո՞ր երկրներն են «միջազգային հիմնական դերակատար», Ռուսաստանի նախագահը չի մասնավորեցրել, բայց, հավանաբար, ելնում է այն «իրողությունից, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչել է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի քսան տոկոսի օկուպացիան», ուստի «մյուսները պետք է հետևեն նրա օրինակին»:
Եթե հետևենք Ռուսաստանի նախագահի խորհրդին, և նրա ասածը դիվանագիտականից «թարգմանենք» իրական խոսույթի, ապա կստացվի, որ նա միջազգային հանրությանը պարզապես սպառնում է պատերազմի սաստկացմամբ և նոր բարդույթյուններով, եթե իր պահանջները չճանաչվեն «օրինական»:
Պուտինի «խորհուրդը» մարտահրավեր է ամենից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որովհետև եթե նա ճնշում գործադրի եվրոպական դաշնակիցների նկատմամբ, ապա պատմության մեջ կարող է մնալ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ փլուզմումից հետո ձևավորված աշխարհակարգի «գերեզմանափոր»:
Իրական քաղաքականության ռեժիմում Ուկրաինայի վերաբերյալ միջազգայնորեն ոչ լեգիտիմ ցանկացած գործարք կարող է նախադեպային լինել և ծառայել ոչ թե խաղաղության և կայունության հաստատմանը, այլ նոր և, գուցե, ավելի լայնածավալ զինված հակամարտությունների բորբոքմանը:
Պոտենցիալ պատերազմի օջախներ կան աշխարհի ցանկացած տարածաշրջանում, այդ թվում և՝ Եվրոպայում: Պուտինը հավաստիացնում է, որ Ռուսաստանը «պատրաստ է Եվրոպայի դեմ չհարձակվելու իրավական պարտավորություն ստանձնել»:
Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդի օկուպացիան «մարսելուց հետո» այդ պարտավորությունն, իրոք, ավելին չի արժենա, քան թուղթը, որի վրա շարադրված կլինի այն:
Երբ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է, որ Ուկրաինայի «անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է», ամենայն հավանականությամբ, հենց դա է նկատի ունենում: Դոնալդ Թրամփը կընդունի՞ Վլադիմիր Պուտինի վերջնագիրը:






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա