Դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր մտահոգություններն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնության շուրջ, ըստ որի՝ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ եկեղեցիների մուտքերի մոտ կամ ներսում տեղադրվի պետական եռագույնը։
Նա օրինակ բերեց, որ եթե այսօր առաջարկվում է օրհներգի կատարում, ապա ապագայում կարող է առաջ գալ ցանկացած այլ երաժշտություն հնչեցնելու ցանկություն՝ կախված ցանկացողի սրտին մոտ համարվող կատարողներից։
«Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մի օր չի ասվի՝ եկեղեցում պատարագից առաջ պետք է հնչի, օրինակ, Սուպեր Սաքոյի երաժշտությունը։ Այսօր օրհներգ են պահանջում, վաղը կարող է նման բան առաջարկվի»,— ասաց պատգամավորը։
Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ քննարկումն իրականացվել է իր նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը։
Պատգամավորի խոսքով՝ քննարկման պատճառը ՔԿՀ-ներում մեկ տարվա ընթացքում արձանագրված 23 մահվան դեպքերն են, ինչը, ըստ նրա, չափազանց մտահոգիչ է։ Դանիելյանը ընդգծել է, որ այդ դեպքերից ութը ինքնավնասման արդյունքում են, և դրանք պարտադիր պետք է ուսումնասիրվեն, որպեսզի համակարգային խնդիրները բացահայտվեն ու լուծումներ գտնվեն։
Նրա գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը նաև պայմանավորված է քաղաքական գործերով և քաղբանտարկյալների առկայությամբ։ Դանիելյանը նշել է, որ հանձնաժողովի նիստում անդրադարձել է նաև հոգևորական Միքայել սրբազանի առողջական վիճակին՝ ընդգծելով, որ նա շտապ վիրահատության կարիք ունի և անհրաժեշտ է, որ բժշկական միջամտությունը կատարվի իր անձնական բժշկի վերահսկողությամբ։
Պատգամավորը նշել է, որ ներկա վիճակագրությունը պահանջում է առավել մեծ զգոնություն, որպեսզի մահվան դեպքերը չշարունակվեն։ Նրա խոսքով՝ իր մեծագույն մտավախությունն այն է, որ հաջորդ մահվան դեպքը, եթե քայլեր չձեռնարկվեն, կարող է վերաբերվել հենց սրբազան հորը։
Դանիելյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես քրիստոնեությունը հազարավոր տարիներ առաջ ընդունած պետություն, չի կարող իրեն թույլ տալ հոգևորականներին պահել նման պայմաններում, քանի որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ուժային կառույցները ազդեցություն են գործադրում քահանաների, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Նրա խոսքով՝ սա ամենակարևոր փաստն է, որը պետք է արձանագրվի։
Պատգամավորը արձագանքեց իշխանությունների պնդումներին, թե կաթողիկոսը իբրեւ այլևս չունի լիազորություններ և չի կարողանում գումարել եպիսկոպոսաց ժողով, ինչի հետևանքով այն մշտապես տեղափոխվում է։ Դանիելյանի կարծիքով՝ իրական պատճառը պետության միջամտությունն է։
Նրա խոսքով՝ եթե եպիսկոպոսաց ժողովը չի կարող գումարվել, նշանակում է՝ իշխանությունը անցել է իր սահմանները, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ենթարկվում է աննկարագրելի ճնշումների։ Դանիելյանը հավելեց, որ նման իրավիճակ չի հիշում նույնիսկ օկուպացիոն կամ բոլշևիկյան շրջաններում։
Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց հնարավոր է կաթողիկոսի կալանավորում մինչև տարեվերջ, Դանիելյանը նշեց, որ ինքը միշտ եղել է գործընթացների ներսում և պատրաստ է պաշտպանել Մայր Աթոռը։
«Պատրաստ եմ անձնազոհության։ Վստահ եմ, որ շատերն են պատրաստ Մայր Աթոռը պաշտպանել անգամ կյանքի գնով»,- ասաց նա։






Բաց մի թողեք
«Հայաստան 2025․ իմ տեսանկյունը․ Վարդան Օսկանյան
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ
Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված