Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը «կատարյալ անմտություն» է գնահատել փորձագիտական տեսակետը, որ Մերձավոր Արևելքում «սիոնիզմի և օսմանականության միջև մրցակցություն է ծավալվել, որը կարող է հասնել Թուրքիայի և Իսրայելի ռազմական բախման»:
Ամերիկացի դիվանագետը, երևում է, կամ չափազանց լավատես է, կամ պարզապես փորձել է հակադարձել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության Թրամփի ծրագրի քննադատներին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դեկտեմբերի 11-ի երեկոյան «անվտանգության կաբինետի» նիստ է հրավիրել: Այդ մասին հայտնի է դարձել Israel Insid-ին:
Ըստ տեղեկությունների, նիստին մասնակցել են նաև «Մոսադի» տնօրեն Բեռնեսը, այդ պաշտոնում նրան առաջիկա ամռանը փոխարինող Հոֆմանը, ներքին անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Ռայխը:
Քննարկվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի հարավում «Հըզբալա»-ի զինաթափման հարցը:
Ինչպես աղբյուրն է ասել, «անվտանգության կաբինետի» անդամները մտահոգություն են հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գաղափարը «գեղեցիկ է հնչում թղթի վրա, իրականությունը վկայում է, որ այդ կազմակերպությունը զենքից հրաժարվելու մտադրություն չունի և առանց հարկադրանքի չի կատարի ստանձնած պարտավորությունը»:
Նաթանյահուն պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Թրամփի հետ: Իսրայելի վարչապետն ակնհայտորեն հող է նախապատրաստում, որպեսզի Գազայից իսրայելական զորքերի հեռացման հարցում հակափաստարկներ ներկայացնի:
Իրավիճակն այնպիսին է, որ արաբական երկրները «Միջազգային կայունացնող ուժերին» մաս կազմելու ցանկություն չեն դրսևորում: Միակ երկիրը, որ հայտարարել է Գազա զորախումբ ուղարկելու պատրաստակամության մասին, Թուրքիան է:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Գազայում «թուրքական ներկայությունը կարմիր գիծ է, որ ոչ մի պայմանով չի հատվի»: Թուրքական աղբյուրներն ակնարկել են, որ Էրդողանը հույս ունի Դոնալդ Թրամփի օգնությամբ «կոտրել Նաթանյահուի դիմադրությունը:
Իսրայելի «անվտանգության կաբինետի» նիստի մասին տեղեկությունից հստակացվում է, որ Նաթանյահուն համապատասխան հանձնարարություն է տվել նաև հատուկ ծառայությունների ղեկավարներին:
Ըստ երևույթին, Մերձավոր Արևելքում «սիոնիզմի և օսմանականության մրցակցության» մասին փորձագիտական դիտարկումներն անհիմն չեն: Իսրայելա-թուրքական լարվածությունը տարածվել է նաև Սիրիայում, հատկապես Դամասկոսի շրջակայքում և ավելի հարավ ընկած տարածքներում:
Անդրադառնալով ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգին, Բաքվի իշխանական մամուլը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները «հրաժարվում է համաշխարհային ժանդարմի դերից», ինչը թույլ է տալիս, որ որոշ երկրներ «տարածաշրջանային առաջնորդության հասնեն»:
Այլ երկրների թվում Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը նման դերակատար է անվանել նաև Թուրքիային: Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը հասնի լարվածության բարձրակետին, ապա Ադրբեջանը հարկադրված կլինի «խաղալ Թուրքիայի կիսադաշտում»:
Դոնալդ Թրամփին կհաջողվի՞ կառավարել թուրք-իսրայելական մրցակցությունը:






Բաց մի թողեք
«Գազարի և մտրակի» մոտեցումը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում. Կարգավորման – ապակարգավորման պայքարը
Մինչ Վաշինգտոնը հակված է դեպի Մոսկվա, Գերմանիան վերազինվում է և շուտով կարող է ունենալ Եվրոպայի ամենաուժեղ բանակը
Իրան – Հայաստան երկխոսության վերբեռնումն անհրաժեշտություն է, Ադրբեջանը՝ դեմ է