15/12/2025

Սիդնեյում ահաբեկչությունը տեղի է ունեցել, երբ տեղի հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում էին ազգային «Խանուկա» տոնը

Սիդնեյի լողափում ահաբեկչություն է կատարվել: Տարբեր տեղեկություններով սպանվել է ինը կամ տասներկու անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ ավստրալիացի ոստիկան: Ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել, երբ տեղի հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում էին ազգային «Խանուկա» տոնը: Այն նվիրված է Պարթևստանի դեմ հրեաների ապստամբությանը և Երուսաղեմի երկրորդ սրբազան տաճարի ազատագրմանը:

Հրեաներն այդ տոնը նշում են ինը օր՝ հատուկ աշտանակի վրա օրը մեկ մոմ վառելու ծիսակարգով:

Իսրայելական մամուլը գրում է, որ Նաթանյահուի կառավարությունը և Ավստրալիայի հրեական համայնքը «տարվա ընթացքում մի քանի անգամ Ավստրալիայի և Նոր Հարավային Ուելսի նահանգային իշխանություններին զգուշացրել է երկրում հակասեմիտականության աննախադեպ աճի մասին, բայց ոչ մի կանխարգելիչ քայլ չի կատարվել»:

Իսրայելում ահաբեկչության մասին տեղեկություն ստացվել է, երբ նախագահ Հերցոգը մի խումբ վերաբնակիչների պետական պարգեւներ էր շնորհում: Նա ընդհատել է միջոցառումը և դիմել Իսրայելի հանրությանը՝ հորդորելով «աղոթել զոհվածների հիշատակի համար»:

Սիդնեյի ահաբեկչության շուրջ չափազանց ինտրիգային տեսակետ է արտահայտել թուրք քաղաքագետ Քաները: Նրա կարծիքով, Իսրայելի իշխանությունները «խիստ մտահոգված են Գազայի հարցում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դիրքորոշմամբ, իսկ Ավստրալիան արտաքին քաղաքականության հարցերում կողմնորոշվում է նշված երկրների օրինակով, ուստի բացառված չէ, որ Սիդնեյի լողափում սպանդը կազմակերպել են իսրայելական հատուկ ծառայությունները կամ նրանց ենթակայության տակ գործող տեղական ինչ-որ ուժեր»:

Թուրք քաղաքագետը համոզված է, որ Պաղեստինի պետության հռչակման հարցում Իսրայելի «բոլոր հակափաստարկները միջազգային աջակցության չեն արժանանում, մնում է տպավորություն ստեղծել, որ աշխարհում մոլեգնում է հակահրեականությունը»:

Նա կարծում է, որ նման քայլերով Նաթանյահուն փորձում է «Գազայում հանցագործություններից ուշադրություն շեղել եւ խուսափել միջազգային արդարադատությունից»:

Անկախ նրանից, թե որքանով է հիմնավոր այս վարկածը կամ դրան ինչպես կհակադարձի իսրայելական կողմը, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան և Իսրայելը մրցակից են ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլեւ միջազգային ասպարեզում:

Թուրք քաղաքագետի մեկնաբանության տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ Սիդնեյի ահաբեկչությունը «պատվիրել է Թուրքիայի MIT-ը, որպեսզի սրի Իսրայելի և Ավստրալիայի հարաբերությունները»:

Զգաստացնող է, որ Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունները ներկայություն ունեն Ադրբեջանում: Բացառված չէ, որ նրանց միջև մրցակցությունը կարող է դրսեւորվել նաև Բաքվում, Ադրբեջանի այլ քաղաքներում կամ տեղաշրջաններում, մասնավորապես՝ Իրանի հետ սահմանամերձ տարածքներում:

Վերջին շրջանում Բաքու, Սումգայիթ և Խրդալան քաղաքների տասնյակ բնակելի շենքերում հրդեհներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն հինգ անձ: Այդ ընթացքում պայթյուն է որոտացել ռազմական արդյունաբերության Շաքի քաղաքի ձեռնարկությունում: