14/02/2026

Բագրատ և Արշակ սրբազանների շնորհավորանքը Միքայել սրբազանի ծննդյան օրվա առիթով

Սիրելի Սրբազան եղբայր

Մեծ սիրով և սրտով շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը` մաղթելով կատարյալ առողջություն, անսասան կամք,աննկուն հավատք և ամբողջական Սերը, որը կրում ես քո սրտում եւ որոնցով ապրել ես եւ վկայել ողջ կյանքում։ Մեր միակ մաղթանքն է, որ գալիք տարին ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից ազատ և հույսով ու հաղթանակով ապրող մեր համբուրելի երկրում` Հայաստան աշխարհում:

Ծննդյանդ տարեդարձն այս տարի նշում ես Հայրենիքի և Հավատքի համար, խղճի և ազատության համար, պատվի և մեր երազների համար պայքարի ելած և սակայն կալանավորված կարգավիճակով:

Մեր կալանավորված, բայց ազատ, բանտված, բայց չսահմանափակված, զնդանված, բայց չծնկած պայմաններից մեր սերը, ողջույնը և շնորհավորությունները քեզ` մաղթելով մեր Տիրոջ զորությունը, առաջնորդությունը և օրհնությունը: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու Սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն քեզ հետ:

Ամեն

 Խցակից` եղբայրական սիրով և աղոթքով

Բագրատ արք. Գալստանյան

Արշակ արք. Խաչատրյան

Հայրենիքի կալանավորներ 27.12.2025.