12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից․ Ոսկանյան

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։

Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել բանակցության առարկա։

Մյուս կողմից իրանական դիվանագիտական արդյունավետ ջանքերով և նաև տարածաշրջանային օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը ներառում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Պակիստանը, որոնք նկատելի ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը։

Այս առումով նախագահ Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելու մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ տարածաշրջանի իր այլ դաշնակիցների միմյանց արմատապես հակադիր շահերը։

Հաջողության դեպքում ավելի հեռագնա տեսլականում նշված տարածաշրջանային «դիվանագիտական բուֆերը» նաև Իրանի ներգրավվածությամբ որոշակի ներուժ ունի վերածվելու աշխարհաքաղաքական շոշափելի ինքնուրույնությամբ առանձին բևեռի, բայց առայժմ առկա են դրա թույլ նախանշանները, որոնք կամ կզարգանան, կամ կմարեն»։