Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքային ենթակառուցվածքների համար՝ մի շարք փողոցներ վերածելով իսկական «գետերի»։
Ջրով ողողված ճանապարհները ոչ միայն դժվարացրել են երթևեկությունը, այլ նաև վտանգավոր իրավիճակներ ստեղծել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար։
Ամենախնդրահարույց հատվածներում ջրի մակարդակը որոշ դեպքերում հասել է մայթերի բարձրությանը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են եղել շրջանցել ճանապարհները կամ քայլել ջրի միջով։ Վարորդներն էլ բախվել են մեքենաների խափանումների, տեսանելիության նվազման և խցանումների հետ։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաները բառացիորեն «լողում» փողոցներով։
Քաղաքացիները դժգոհում են, որ նման իրավիճակները կրկնվում են գրեթե յուրաքանչյուր ուժեղ անձրևից հետո՝ մատնանշելով ջրահեռացման համակարգերի անբավարար վիճակը։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Կարապետյանը նշել է՝ անձրևատարերի մաքրման աշխատանքներ մշտապես տարվում են․ «Այն ժամանակ կառուցապատված Երևանի համար այս հեղեղատարերը կառուցվել են և նորերը չեն ավելացել, հիմա թողունակությունը չի բավականացնում ամբողջ անձրևաջրերի հոսքը հեռացնելու համար»։
Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր»-ը վարձակալության պայմանագրով միայն սպասարկելու, շահագործելու, մաքրելու պարտավորություն ունի և դրանք լիարժեք կատարում է։
Մինչ այդ, մայրաքաղաքի բնակիչները շարունակում են հարմարվել եղանակային պայմաններին՝ հույս ունենալով, որ համապատասխան մարմինները կձեռնարկեն արդյունավետ քայլեր՝ ապագայում նման իրավիճակները կանխելու համար։


Բաց մի թողեք
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ
Ողբերգական դեպք, Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է մաhացած տղամարդ