Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին այցելել է Թբիլիսի: Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, նրա պաշտոնական ընդունելությունը կազմակերպվել է Վրաստանի «Օրբելիանի» նախագահական պալատում:
Ալիևին անձամբ դիմավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: Այնուհետև կայացել է երկու նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, որի մասին Միխեիլ Կավելաշվիլին սոցցանցային համառոտ գրառում է կատարել:
Ըստ այդմ, Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում նա «Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը հաստատակամորեն աջակցելու համար» Ադրբեջանի նախագահին «իր և Վրաստանի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել»:
Թբիլիսիում կայացել է նաեւ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ալիևը և Կոբախիձեն նախ բանակցել են դեմ առ դեմ, ապա՝ կողմերի պատվիրակությունների ձևաչափով, ապա հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Իլհամ Ալիևը իր խոսքում ընդգծել է, որ այսօր Հարավային Կովկասում «ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ», և տարածաշրջանի երկրները «չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը»:
Ալիեւը նշել է, որ «աշխարհում, ցավոք, խախտվում են խաղաղությունը, անվտանգությունը, ինչի հետևանք են դառնում պատերազմները, տառապանքները և կորուստները»: Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ «նման իրավիճակ երբևէ եղել է նաև Հարավային Կովկասում, բայց Հարավային Կովկասը այսօր խաղաղության, կայունության և համագործակցության տարածք» է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը, հավաստիացրել, որ «Վրաստանը ամուր աջակցում է տարածաշրջանում խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և բոլոր նոր նախաձեռնություններին»:
Նա վերստին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին «ըստ անհրաժեշտության ներդրում ունենալու» պատրաստակամություն է հայտնել:
Պաշտոնական հայտարարություններից բավական բարդ է դատել, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդել Ադրբեջանի նախագահի Թբիլիսի այցը, բայց կողմերի հրապարակային խոսույթից կարելի է եզրակացնել, որ էական է դիտվել Հարավային Կովկասի կայունության պահպանումը և երեք երկրների միջև «խաղաղ համակեցության և կառուցողական համագործակցության» հաստատման հեռանկարը:
Ալիևը և Կոբախիձեն, իհարկե, անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթին, բայց Վրաստանի վարչապետը նաև հստակ ընդգծել է, որ Հարավային Կովկասը «միասնական ռազմավարական տարածք» է:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ