Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները զարգացնում են սպառազինությունների առքուվաճառքի և ռազմա-տեխնոլոգիական բնագավառում համագործակցությունը:
Այդ մասին հայտնել է Israel Inside-ը, որի տեղեկություններով 6-ին կողմերը Աթենքում 2,3 միլիարդ շեկելի կամ 650 միլիոն եվրոյի պայմանագիր են ստորագրել: Խոսքը իսրայելական PULS հրետանային համակարգերի վաճառքի մասին է, որ կիրականացնի Elbit Systems ռազմաարդյունաբերական ընկերությունը:
Հունաստանը վերջին շրջանում ձեռք է բերում տարբեր հեռահարության հրթիռային միջոցներ: Իսրայելա-հունական գործարքի իրականացման ժամկետը չորս տարի է: Իսրայելական աղբյուրի տեղեկացվածությամբ, գործարքը ենթադրում է, որ այդ համակարգերի սպասարկումը հետագայում կիրականացնեն իսրայելցի մասնագետները:
Միաժամանակ Հունաստանը հնարավորություն է ստանում ինչպես հրետանային միջոցների, այնպես էլ «գերճշգրիտ ռազմամթերքի տեղական արտադրություն կազմակերպել»:
Իսրայելա-հունական խոշոր գործարքի առաջին առանձնահատկությունն այն է, որ կնքվել է Իրանի դեմ պատերազմի ամենավճռական փուլում: Դա վկայում է, որ Իսրայելը փորձում է հետկոնֆլիկտային իրավիճակում ամրապնդել դաշնակիցների հետ պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը, ներգրավել նոր հնարավորություններ, գործնական տեսքի բերել նախնական պայմանավորվածությունները:
Իրանի դեմ պատերազմին նախորդած շրջանում մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրենց տնտեսական և կոմունիկացիոն շահերը ապահովագրելու նպատակով ստեղծում են արագ արձագանքման զորախումբ՝ իր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և ինչպես նաև ռազմածովային զորախմբով հանդերձ:
Իսրայելա-հունական վերջին գործարքը կայանում է տարածաշրջանում ռազմա-քաղաքական դաշինք կազմավորելու Թուրքիայի եռանդուն գործունեության ֆոնին: Անկարան, ինչպես հայտնի է, ռազմավարական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ, որոշակի քայլեր Թուրքիան ձեռնարկել է նաև Եգիպտոսի ուղղությամբ:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից մեկ օր հետո Թուրքիան F-16 կործանիչների էսկադրիլիա է տեղաբաշխել Կիպրոսի հյուսիսի օկուպացված շրջանում:
Բաքվում ապրիլի 4-ին գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդաժողով, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:
ԹՊԿ անդամ երկրները և առաջին հերթին՝ Ադրբեջանը, այդպիսով ընդունել են աշխարհաքաղաքական դիրքորոշման Թուրքիայի ցուցումը, որ առկա իրավիճակում սկզբունքորեն ուղղված է Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովում «սիոնիստական ցանցի ազդեցության կանխարգելմանը»:
Ըստ այդմ, պաշտոնական Բաքուն, կարծես, հասել է Իսրայելի հետ նախկին հարաբերությունների անդառնալիության կետի:

Բաց մի թողեք
Լավրովի ախորժակն էլ ուտելիս է բացվում, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին
Նեթանյահուին շոկի են ենթարկել Լիբանանին հարվածելու արգելքի մասին Թրամփի խոսքերը. Axios
Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները