17/04/2026

EU – Armenia

Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի շուրջը հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու՝ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով:

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է պետական տեսլական ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև նշել է, որ եթե Թուրքիայի կողմից նախկինում աջակցություն ստացած էներգետիկ նախագծերն իրականացվեին, Հորմուզի նեղուցի շուրջ այսօրվա ճգնաժամի հետևանքները պակաս մասշտաբային կլինեին:

«Կարծում եմ, տարածաշրջանային անվտանգության դաշնագիր կնքելու ժամանակն է, որի շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրները պետք է հայտարարեն միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ հարգանքի մասին, ինչը տարածաշրջանում համագործակցության գրավականը կդառնա»,- ընդգծել է նա։