Արաբական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրը «Թեհրանից հիասթափված է վերադարձել Իսլամաբադ», և հենց նա է ԱՄՆ նախագահին իրազեկել Իրանի ղեկավարության «խոր մասնատվածության մասին»:
Հրադադարը անորոշ ժամկետով երկարաձգելու որոշում Դոնալդ Թրամփը կայացրել է «ելնելով այդ իրողությունից»: Ըստ այդմ, Իրանում «բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմը շարունակելու կողմնակից են, նախագահ Փեզեշքիանը, խորհրդարանի ղեկավար Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Արաղչին հակված են դիվանագիտական կարգավորմանը, բայց վճռական որոշման իրավունքը պատկանում է գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին»:
Քննարկելով իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի ձախողումից և հրադադարը երկարաձգելու մասին ԱՄՆ նախագահի որոշումից հետո հնարավոր զարգացումները, իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» ռազմական հարցերով փորձագետ Իշայը կանխատեսել է չորս հավանական սցենար:
Առաջին տեղում նա ներկայացրել է այն տարբերակը, երբ ծովային շրջափակման ենթարկված Իրանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները՝ նպատակ ունենալով «խորացնել էներգետիկ ճգնաժամը», ինչին ի պատասխան ԱՄՆ-ը և Իսրայելը «կիրականացնեն ավելի լայնածավալ ռազմագործողություն»:
Իշայը նկատել է տալիս, որ տարածաշրջանում են ԱՄՆ «Ջորջ Բուշ», «Ջերալդ Ֆորդ» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիր ռազմանավերը:
Երկրորդ հավանական զարգացում իսրայելցի ռազմական փորձագետը դիտարկում է Իրանի կողմից պրոքսի ուժերով Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ հարձակումները՝ ներառյալ Եմենի հութիների կողմից Բաբ էլ-Մանդեպի նեղուցի արգելափակելումը:
Ուշագրավ է, որ նա խոսում է Իրաքի «շիադավան միլիցիայի հարձակումների հավանականությունից», բայց լիբանանյան «Հըզբալա»-ի հնարավոր դերակատարության մասին ոչինչ չի ասում:
«Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը երրորդ տեղում նշում է «բանակցությունների վերադառնալու» տարբերակը, բայց անմիջապես ընդգծում է, որ դա «իրանական ռեժիմի համար չափազանց ցավոտ կլինի, քանի որ փաստացի կնշանակի ենթարկվել ԱՄՆ ճնշումներին»:
Որպես վերջին հնարավոր սցենար Իշայը գնահատում է Իրանի կողմից «ժամանակ շահելու հավանականությունը»: Ընդ որում նա կարծում է, որ Իրանը «հույս ունի այդպիսով ազդել ամերիկյան հանրային կարծիքի վրա, որ Թրամփին կստիպի դիրքորոշումը մեղմացնել»:
Ինչպես տեսնում ենք, իսրայելցի փորձագետը իրանա-ամերիկյան գործարքի հավանականությունը նույնիսկ չի հիշատակում: Դա շատ կարևոր է, եթե նկատի ունենանք, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենամերձավոր դաշնակիցը Իսրայելն է, որտեղ, բնականաբար, ավելի իրազեկված են Սպիտակ տան իշխող տրամադրություններից:
Ավելին, Դոնալդ Թրամփը սկզբունքային որոշումներ կայացնելիս մշտապես խորհրդակցում է վարչապետ Նաթանյահուի հետ: Դրանից, իհարկե, չի հետևում, թե «Եդիոտ ահրոնատի» մեկնաբանի նշած չորս սցենարներից զատ այլ տարբերակ գոյություն չունի կամ չի քննարկվում:
Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ Իսրայելը պատերազմը շարունակելու կողմնակից է, ուստի իսրայելական մամուլը կարող է իրանա-ամերիկյան բանակցությունների հեռանկարը «մթագնած» ներկայացնել:
Բայց հրադադարի երկարաձգման մասին Թրամփի հայտարարությանը հաջորդած իրանական կողմի արձագանքները հիմնականում ռազմաշունչ-մերժողական են: Եթե դա իրոք պաշտոնական դիրքորոշում է, ապա հրադադարը ցանկացած պահի կարող է խախտվել:
Ավելի մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը ֆորմալ կհայտարարի պատերազմից դուրս գալու մասին և «սուտ գործի» պատասխանատվությունը կթողնի Նաթանյահուի ուսերին:

Բաց մի թողեք
Եվրամիութան և Ադրբեջանի հարաբերությունները մնում են բարդ
Թրամփը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների «առջև դժոխքի դարպասները փակել» է
Պուտինը Միշուստինի «թիմը» կհեռացնի ավելի վաղ