«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը»:
Այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։
«Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմամբ, որը մենք ողջունել էինք:
Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ ԵՄ-ի համար:
Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ»,- գրել է Հիպերը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան էր շշնջացել, որից լսելի էր եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:
Վարչապետն այնուհետև լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել էր՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա, և տեղեկացրել էր Թուրքիայի հետ ուղիղ առևտրի հնարավորության մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։


Բաց մի թողեք
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ. Լուսանկար