14/05/2026

EU – Armenia

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ. Լուսանկար

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը»:

Այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։

«Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմամբ, որը մենք ողջունել էինք:

Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ ԵՄ-ի համար:

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ»,- գրել է Հիպերը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան էր շշնջացել, որից լսելի էր եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:

Վարչապետն այնուհետև լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել էր՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա, և տեղեկացրել էր Թուրքիայի հետ ուղիղ առևտրի հնարավորության մասին։

Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։