14/05/2026

EU – Armenia

Թրամփն ու Ծինփինը բանակցություններ են ունեցել. ԱՄՆ նախագահը հանդիպումը որակել է «գերազանց»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պեկինում հանդիպել, բանակցություններ է ունեցել:

Թրամփը դրանք անվանել է «գերազանց»։

«Գերազանց»,- պատասխանել է նա համապատասխան հարցին՝ հավելելով, որ Չինաստանը հրաշալի երկիր է։

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նախընտրել է չմեկնաբանել այն հարցը, թե արդյոք երկխոսության ընթացքում շոշափվե՞լ է Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հաղորդում է CNN-ը, այցի մի մասն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Թրամփն ու Սի Ծինփինն այցելել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող «Երկնքի տաճար»։

«Երկնքի տաճար» համալիրը Պեկինի գլխավոր տեսարժան վայրերից և այցեքարտերից մեկն է։

«Ինձ համար պատիվ է լինել Ձեզ հետ։ Ինձ համար պատիվ է լինել Ձեր ընկերը, և Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լինելու են ավելի լավը, քան երբևէ նախկինում»,- ասել է Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա այցով ժամանել էր Չինաստան:

Թրամփը հանդիպումներ է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տարեբր ձևաչափերով:

ԱՄՆ նախագահի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2017 թվականին՝ Սպիտակ տանը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում:

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն ոչ միայն առևտրային և տնտեսական հարաբերությունները, այլև աշխարհաքաղաքական մի շարք հարցեր՝ Մերձավոր Արևելքից մինչև Թայվան։