Ռուսաստանի ընթացիկ տարվա ՀՆԱ-ի կանխատեսման ցուցանիշը 1,3 տոկոսից իջեցվել է 0,4-ի։ Այդ մասին «Վեդոմոստի» պարբերականին հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ըստ նույն կանխատեսումների, Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կկրճատվի ավելի, քան անցած տարվա 2,3 տոկոսյա ցուցանիշն էր։
ՀՆԱ-ի անկումը, բնականաբար, հանգեցրել է բյուջետային լուրջ խնդիրների։ Փորձագետները գտնում են, որ հարկային օրենսդրության բարեփոխոումը հակառակ էֆեկտն է տվել։ Հարկային դրույքաչափերի բարձրացումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից ֆինանսական մուտքերը ավելի քան ութ տրիլիոն ռուբլով կրճատել է։
Փոխվարչապետ Նովակի գնահատմամբ՝ կառավարությունը «բյուջետային ծախսերի առաջնահերթությունների դասակարգման խնդիր ունի, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության բնագավառում»։
Կարելի է այնպես հասկանալ, որ կառավարությունը հարկադրված է սոցիալական ծախսերը կրճատել կամ հետաձգել և առկա միջոցները հատկացնել պաշտպանության նախարարությանը և ռազմաարդյունաբերական համալրիրին կամ պարզ ասած, առաջնորդվել «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար, ամեն ինչ՝ հաղթանակի համար» ստալինյան կարգախոսով։
«Նեզավիսիմայա գազետա»-ի տվյալներով՝ հարկային բեռի ծանրացումը ստիպել է, որ փոքր և միջին ձեռնարկատերերի շուրջ 65 տոկոսը «վերագրանցվի որպես անհատ ձեռներեց»։ Տարեսկզբից Ռուսաստանում կտրուկ աճել են նաև բնակչության կոմունալ ծախսերը։
Կառավարությունը մտադիր է բնակչության համար 12, 5, իսկ եկող տարվանից 13, 5 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ առհասարակ կոմունալ ծառայությունները կթանկանան շուրջ տասը տոկոսով։
Բերված տեղեկությունները, ընդգծենք այս հանգամանքը, պաշտոնական են, արտացոլված են ՌԴ կառավարության մինչև 2030թ․ տնտեսական կանախտեսումների մասին փաստաթղթում։ Պետք է նաև ընդունել, որ վիճակագրությունից անդին կա իրական տնտեսություն, որտեղ վիճակն, անկասկած, ավելի բարվոք չէ, քան փոխվարչապետ Նովակն է ներկայացրել։
Պատկերը, որ ռուսաստանյան մամուլից ներկայացվում է առանց որեւէ հավելումների, ոչ քարոզչություն է, ոչ առավել ևս «հակառուսականություն»։ Միայն արձանագրված է այն նվազագույնը, որ Ռուսաստանում «գրաքննություն է անցել»։
Ցանկացած երկրի, մանավանդ հինգերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի կենսունակությունը բնութագրում է նրա տնտեսությունը։
Ակնհայտ է, որ «ռազմաարդյունաբերական համալիրը կձգի տնտեսության մյուս ճյուղերը» պուտինյան ծրագիրը, մեղմ ասած, իրական ռեժիմում իրեն չի արդարացնում։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական թիվ մեկ գործընկերն է։
Եվ Հայաստանում պետք է սևեռվել ոչ թե «Պուտինը կզայրանա և մեզ կանիծի» հավանականության, այլ այն հարցի վրա, թե «ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանի տնտեսությունը շարունակի համակարգային անկում ունենալ»։ Իսկ գուցե պետք է չսպասե՞լ «ապոկալիպսիսի»։

Բաց մի թողեք
Ադրբեջանի նախագահը Ուկրաինայի հետ մերձեցումն առնվազն առկախել է
Կենտրոնական Ասիայում Թուրքիան այլևս աշխարհաքաղաքական դերակատար է
Մոսկվան վերաձևակերպել է Ուկրաինայի պետականության ոչնչացման ծրագիրը