Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ընդհանուր 86 հազար դոլար աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել. ամսական միջինը՝ 7200 դոլար։ Այս ապրիլի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը շուրջ 11 հազար դոլարին համարժեք դրամ է եղել։
azatutyun.am-ը գրել է․ Գրեթե ամենօրյա ռեժիմով անկանխիկ առևտրի առավելությունները գովազդող Փաշինյանը, կարծես, ինքն իր հորդորները չի լսել ու իր մոտ 700 հազար դրամ և շուրջ 2700 դոլար կանխիկ գումար է պահել։
Բոլորովին վերջերս նա Սյունիքի խանութներից մեկում քաղցր ձողիկի համար ոչ թե քարտով վճարեց, այլ վաճառողին 20 հազար դրամանոց մեկնեց։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում առաջատար դիրքեր զբաղեցնողներն ինչքան փող ունեն։ Նրանց հայտարարագրերը հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Քաղաքացիական պայմանագրի» 2-րդ համարը արտգործնախարար Արարատ Միրզոյանն է. մեկ տարում նա 82 հազար դոլարի աշխատավարձ ու պարգևատրում է ստացել. ամսական շուրջ 7000 դոլար։ Եվս շուրջ 16 հազար դոլար օրապահիկ է ստացել իր գործուղումների համար։
Իշխող կուսակցության 3-րդ համարը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Շատ հետ չի մնացել ու մեկ տարվա ընթացքում 74 հազար դոլար աշխատավարձ ու պարգևավճար է ստացել. ամսական՝ 6200 դոլար։
4-րդ համարը պաշտպանության նախարարն է. Սուրեն Պապիկյանը մեկ տարում 80 հազար դոլար է ստացել. ամսական շուրջ 6700 դոլար։ Բացի այդ, նա ևս 16 հազար դոլար է ստացել վարձակալությամբ տրված գույքի դիմաց։ Ապրիլի 21-ի դրությամբ նրա միջոցների մնացորդը, ուշադրություն, շուրջ 130 հազար դոլար է կազմել։
«Քաղաքացիական պայմանագրի» հնգյակը եզրափակում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. մեկ տարում շուրջ 79 հազար դոլար է ստացել. ամսական՝ 6500 դոլար։ Տնտեսագիտական համալսարանում դասավանդող Պապոյանը ևս 7000 դոլարի աշխատավարձ է ստացել համալսարանից։ Ապրիլի դրությամբ նրա հաշիվների մնացորդը 77 հազար դոլար է կազմել։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի հաշիվներում մայիսի 13-ին 4 միլիոն 320 հազար դոլարին համարժեք միջոցներ են եղել. նա բաժնետեր է երեք ընկերություններում։
Նա Հայաստանում բնակարան չունի. համատեղ սեփականությամբ բնակարան ունի Մոսկվայում։ Համատեղ սեփականությամբ մեկ Mercedes-Maybach ունի, ամբողջությամբ իրեն է պատկանում մեկ Toyota Camry մեքենա։
Դաշինքի 2-րդ համարը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը, մեկ տարվա ընթացքում իր մատուցած ծառայությունների դիմաց մոտ 200 հազար դոլարի եկամուտ է ունեցել։ Մայիսի 13-ի դրությամբ նրա հաշիվներում ընդհանուր, կես միլիոն դոլար է եղել։ Ունի երկու ավտոմեքենա՝ BYD ու Lexus։
«Ուժեղ Հայաստանի» 3-րդ համարը՝ փաստաբան Գոհար Մելոյանն է. մեկ տարվա ընթացքում շուրջ 30 հազար դոլարի եկամուտ է ունեցել. նրա հաշիվներում այժմ 26 հազար դոլար կա։
Դաշինքի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը մեկ տարվա ընթացքում 53 հազար դոլարի աշխատավարձ է ստացել։ Այս պահին նրա միջոցների մնացորդը շուրջ 530 հազար դոլար է կազմում։ Նա այժմ ընդհանուր սեփականությամբ 4 ավտոմեքենա ունի։ Ղազինյանը նաև թանկարժեք մեկ իր է հայտարարագրել՝ 27 հազար դոլարանոց Breguet Marine ձեռքի ժամացույց։
«Ուժեղ Հայաստան»-ի հնգյակը եզրափակող Ռուբեն Մխիթարյանը մեկ տարվա ընթացքում ոչ ավել, ոչ պակաս շուրջ 41 հազար դոլարի աշխատավարձ է ստացել. 33-ամյա տղամարդու հաշիվներում այս պահին շուրջ 230 հազար դոլար կա:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում պետությունից 41 հազար դոլարի չափով թոշակ է ստացել։ Ըստ հայտարարագրի՝ այս պահին նրա հաշիվներում շուրջ 1.4 միլիոն դոլար կա։ Երկրորդ նախագահը ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։
Դաշինքի 2-րդ համար, պատգամավոր ու Ազգային ժողովի նիստերից հաճախ բացակայող Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովից մեկ տարվա ընթացքում շուրջ 32 հազար դոլարի աշխատավարձ է ստացել։ Այս պահի դրությամբ նրա հաշիվներում շուրջ 80 հազար դոլար կա։ Սաղաթելյանն ավտոմեքենաներ չի հայտարարագրել, ունի 22 հազար դոլարանոց մատանի։
Երրորդ համարը պատգամավոր Աննա Գրիգորյանն է. մեկ տարում Ազգային ժողովից 36 հազար դոլար է ստացել. այս պահին նրա հաշիվներում 2400 դոլար կա։
Չորրորդը Սևակ Խաչատրյանն է, որն ամիսներ առաջ Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց. նրա հաշիվներում շուրջ 43 հազար դոլար կա։ Նա երեք ավտոմեքենա է հայտարարագրել՝ Lexus, Nissan ու BYD մակնիշների։
Հնգյակը եզրափակում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը. մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովից 38 հազար դոլար է ստացել։ Այս պահին նա ընդհանուր 78 հազար դոլար ունի։ Ի դեպ, նա նույնպես, փաստորեն, իր մոտ կանխիկ է պահում 9.5 միլիոն դրամ. թե ինչին է պետք, պարզ չէ։ Նա մեկ ավտոմեքենա է հայտարարագրել՝ Mitsubishi Pajero։
«Բարգավաճ Հայաստանի» առաջին համար, գործարար Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը շատ ավելի ընդարձակ է. ապրիլի 30-ի դրությամբ նրա անձնական հաշիվներում 43.5 միլիոն դոլար կա։ Նա ընդհանուր 14.3 միլիոն դոլարի թանկարժեք իրեր է հայտարարագրել. 3 միլիոն դոլարանոց ադամանդե քարով ոսկե մատանուց մինչև շուրջ 300 հազար դոլարանոց վարագույր։
Ծառուկյանը 18 ավտոմեքենա է հայտարարագրել ու 24 միավոր անշարժ գույք։ Նա մեկ տարվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող իր որդուց շուրջ 6.5 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել։ Ծառուկյանների ընտանիքի ոչ բոլոր ընկերություններն են անձամբ իր անունով։
Երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն այս պահի դրությամբ, ըստ հայտարարագրի, շուրջ 270 հազար դոլար ունի։ Նա նույնպես իր մոտ խոշոր կանխիկ գումար է պահում՝ 137 հազար դոլար։ Նա Honda մակնիշի մեկ ավտոմեքենա է հայտարարագրել։
Կուսակցության երրորդ համարը նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանն է. նա դասավանդում է պոլիտեխնիկում և մեկ տարվա ընթացքում ընդհանուր 5500 դոլար աշխատավարձ է ստացել։ Այդքան գումար էլ կա նրա հաշիվներում։
Ընդարձակ է նաև «Նոր ուժի» առաջին համար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարագիրը. ապրիլի 20-ի դրությամբ նրա հաշիվների մնացորդը 630 հազար դոլար է կազմել։ Նա 29 անշարժ գույք է հայտարարագրել՝ մեծ մասը Չեխիայում։
Ամենաքիչ ֆինանսական միջոցներ ունեցողներին անդրադառնանք. «Ազգային ժողովրդավարական բևեռի» ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը ապրիլի 11-ի դրությամբ, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, փող չի ունեցել:
0 թիվն է արտացոլվել նաև Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանի հաշիվներում։
Մյուսների համեմատ շատ ավելի համեստ միջոցներ ունեն նաև Հայ ազգային կոնգրեսի առաջին համար Լևոն Զուրաբյանն ու Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, «Ալյանս»-ից Աշոտ Գալստյանը։

Բաց մի թողեք
Գերմանիայի կանցլեր Մերցը կոչ է անում ԵՄ բյուջեում ավելի շատ ներդրումներ և ավելի քիչ սուբսիդիաներ
Ո՞վ է դեռ հավատում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո բանկային բարեփոխումներին
Սիլիկոնյան հովիտը Պեկինում. Եվրոպան պե՞տք է անհանգստանա