16/05/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «Արցախը հանձնելու» մեջ, պետք է չափազանց զգոն լինել

Անցած օրերին ՔՊ-ի երևանյան քարոզարշավի ընթացքում արձանագրվել է Արցախից բռնատեղահանված երկու կանանց միջամտություն։ Առաջին դեպքում մի կին կոպիտ բանավեճի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանի հետ, նրան մեղադրել «Արցախը հանձնելու» մեջ և հարցրել, թե «ի՞նչ տարածքներ է պատրաստվում զիջել, որպեսզի բնակության վայր ընտրի»։

Երկրորդը անգամ բռնատեղահանված արցախցի կինը ՔՊ-ի քայլերթին միացել է ԼՂՀ դրոշով և քպ-ականներին անվանել «դասալիքներ»։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ ընդդիմությունը հասանելի բոլոր խողովակններով տարածել է, որ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի անհաատական վարկանիշը «զրոյական է, իսկ Երեւանը առհասարակ մերժում է նրանց»։ Փաշինյանի մարզային և երևանյան հանդիպումները հակառակն են վկայում։

Ճիշտ է, նա ունի նաև ընդդիմախոսներ, որ մերժում են ընդունել Հայաստանի քարտեզի պատկերով կրծքազարդը, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, երբեմն նրա հետ «գաղափարական բանավեճ» են սկսում, բայց դրանից Փաշինյանի քարոզարշավը և վարկանիշը չեն տուժում։ Հանրությունը գնահատում է, որ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ վարչապետը լսում է ընդդիմախոսին։

Բռնատեղահանված արցախցիների դեպքում իրավիճակը այլ է։ Պարզորոշ հասկացվում է, որ նրանք իրականում այնքան անկիրթ և գռեհիկ չեն, որքան ներկայանում են կամ ցուցադրում են, թե ներկայացնում են «բոլոր արցախցիներին»։

Իսկ դրանից ուղղակի հետևում է, որ նրանք «հանձնարարություն են կատարում» և մի նպատակ են հետապնդում՝ սադրել Փաշինյանին և նրա թիմի անդամներին ու համակիրներին, «կրակը ընդունել իրենց վրա»։

Որևէ երաշխիք չկա, որ երրորդ կամ չորրորդ փորձից «բռնագաաղթած արցախցու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի» սցենարը չի բեմադրվելու։ Միայն պատկերացնել կարելի է, թե տիեզերական ինչ աղմուկ կբարձրացնի «կոնսենսուսային» ընդդիմությունը, եթե դա տեղի ունենա։

Ընդդիմության այս մարտավարությունը վկայում է, որ քաղաքական, գաղափարական, արժեհամարկագին բանավեճի նրա ռեսուրսները սպառված են կամ առնվազն հանրային տրամադրություններ այլեւս չեն գեներացնում, «կրիտիկական պահի» համար անհրաժեշտ զանգվածներ չեն համախմբում։

Արցախցի-հայաստանցի «փողոցային բախումը», երևում է, վերջին հնարավորությունն է, որպեսզի ընտրությունները միջազգայնորեն հեղինակազրկվեն։ Շատ ցավալի է, որ Արցախից բռնատեղահանվածների մոտ «քահանա Գապոն» է գտնվում, բայց իրականության հանդեպ աչք փակել չի կարելի։

ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, նրանց բոլոր համակիրները պետք է չափազանց զգոն և կոռեկտ գտնվեն, քանի որ նշանառության տակ Հայաստանի ինքնիշխանությունը, նրա քաղաքացու պետական ինքնությունն է։