Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, հոգևոր դասին, թեմական, ծխական և վարչական խորհուրդների հարգարժան անդամներին ու հավատավոր զավակներին՝ Արագածոտնի Տիրախնամ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։
Ուրախությամբ ենք անդրադառնում, որ անցած երեք տասնամյակներում թեմը բարեզարդվել է համայնքային կյանքի աշխուժացմամբ, եկեղեցաշինությամբ, սրբավայրերի նորոգությամբ։ Գովելի է, որ եկեղեցականների և նրանց լծակից աշխարհականների միասնական ջանքերով առավել աշխուժացել են թեմի հոգևոր, կրթական և ազգային նախաձեռնությունները, զորացել է ժողովրդի կապը Սուրբ Եկեղեցու հետ, նոր շունչ է ստացել վանական կենցաղավարությունը։
Անցած երեսուն տարիների ընթացքում նաև նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդական միությունների եռանդուն գործունեության, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թեմի եկեղեցիները՝ որպես աղոթքի, համախմբման, Տիրոջ շնորհների բաշխման նվիրական սրբատեղիներ, շարունակում են զորացնել մեր ժողովրդի հավատը և նորոգել նրա հոգևոր կյանքը։
Սիրելիներ, Արագածոտնի թեմը, հիրավի, առանձնահատուկ խորհուրդ և կոչում ունի մեր Եկեղեցու և ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, որի Տերունապարգև առաքելությունը հայոց գրերի գյուտով դարձավ մեր ազգի հավատի և ինքնության ամրոցը, մեր հարատևության անխորտակելի ամուր վեմը։
Գոհունակ սրտով փառաբանում ենք Ամենակալ Աստծուն, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին և անխախտ են պահում իրենց հավատարմությունը եկեղեցական կարգաց ու կանոնաց և Աստվածակերտ Սուրբ Էջմիածնին։
Սիրելիներ, Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի բարեպատեհ առիթով վերստին Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ծառայասեր հոգևորականներին և պատվարժան վարչականներին, հայրական Մեր սերը՝ հավատավոր բարեպաշտ հայորդիներին։
Աղոթում ենք, որ Բարերար Աստված Իր ամենազոր Աջով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին և աստվածասեր ժողովրդին՝ առավել զորացնելով հավատի, հույսի և սիրո մեջ։
Թող այս երեսնամյա վաստակը մշտանորոգ հաջողություններով պսակվի, և թեմի արդյունաշատ գործունեությունը կենդանի վկայություն լինի Հայ Եկեղեցու անսպառ կենսունակության, ազգապահպան առաքելության ու հոգևոր արթնության։
«Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէսզի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զՀայր ձեր, որ յերկինս է» (Մատթ. Ե 16)։
Թող Տիրոջ առատ շնորհները մշտապես հովանի լինեն Արագածոտնի թեմին և նրա հավատավոր զավակներին այսօր և միշտ. ամեն։

Բաց մի թողեք
Մայիսի 31-ի աստղագուշակ․ Բանակցությունները լավ կանցնեն, եթե ինչպես հարկն է նախապատրաստվեք դրանց
«Արսենալի» նախկին խաղացողը ձգտում է ԵՄ ամենակեղտոտ ոլորտները դարձնել կանաչ
«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. Լուսանկարներ