Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին.
Պարո՛ն։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ իմաստ ունի՞ Ձեզ գրելը, թե՞ ոչ, կկարդա՞ք, թե՞ ոչ, հետեւություն կանե՞ք, թե՞ ոչ, ետ կկանգնե՞ք Ձեր գահավեժ ընթացքից, թե՞ ոչ։ Բայց եթե խոստովանեմ՝ գրեթե վստահ եմ, որ եթե նույնիսկ կարդաք, միեւնույն է, ո՛չ հետեւություն կանեք, ո՛չ էլ կփոխեք Ձեր ընթացքը, որը որքան կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, առավել կործանարար է հենց Ձեզ համար՝ որպես մարդու։ Ձեր բնույթն է այդպիսին․ համառ, հաստակող, խոսք ու խորհուրդ անտեսող, սեւեռուն գաղափարի տրված, մեծարժեքության մանիայի եւ անլիարժեքության բարդույթի միջեւ տվայտող եւ դրանց արանքներում սահմռկեցուցիչ արարքներ գործող։
Գիտե՞ք, թե այս վերջին օրերին ինչով եմ զբաղված ես․ ջնջում եմ Ձեզ ուղղված նամակիս քննադատական-մեղադրական այն հատվածները, որոնք արդեն հնչեցվել են այլոց կողմից։ Եվ պիտի ասեմ, որ եթե այդպես շարունակվի, իմ նամակից բան չի մնա (մի տասը էջ արդեն ջնջել եմ), ինչը որքան ափսոսալի լինի ինձ համար, ուզում եմ հուսալ, որ նույնքան եւ առավել այդպիսին կլինի հենց Ձեզ համար։
Որովհետեւ ես ուզում եմ հօգուտ Ձեզ մի միտք արծարծել, որը, գրեթե վստահ եմ, այլ մեկը չի անի․ անգամ եթե նկատի դա, դժվար թե ցանկանա նման բան անել։ Ձեզ իրապես օգնել ցանկացողները հիմա շատ քիչ են։ Իսկ ինձ այս մոտեցման համար գուցե շատերը նույնիսկ պարսավեն ու դատափետեն կամ հեգնեն ու ծաղրեն։
Առաջինները՝ համոզված, որ Դուք արժանի չեք օգնության, երկրորդները՝ վստահ, որ Ձեզ օգնել հնարավոր չէ։ Սակայն պիտի խոստովանեմ նաեւ, որ ես դա անում եմ որքան Ձեզ՝ որպես մարդ օգնելու համար, նույնքան եւ գուցե առավել՝ Ձեր ցանած որոմների սերմերն արեւի երես հանելու եւ ծլունակությունից զրկելու, առնվազն՝ տեսանելի դարձնելու համար։
Դուք չարիքի սերմեր եք շաղ տվել եւ դրանք հավաքողների մեջ պիտի լինեք, պարո՛ն, գուցե ամենաառաջին ու ամենակարեւոր հավաքողներից մեկը։
Բազում ու բազմաբնույթ են Ձեզ ուղղված քննադատություններն ու մեղադրանքները։ Գուցե դրանց մեջ կան որոշ սուբյեկտիվ տարրեր, բայց հիմնականում, ճնշող մեծամասնությամբ դրանք ճիշտ են, Ձեր բնույթին, գաղափարներին, գործողություններին համապատասխանող, դրանց հետեւություն հանդիսացող։
Հանրահայտ է եւ բազմիցս ու վաղուց է ասվել, որ աշխարհում չկա, գոյություն չունի գաղտնիք։ Ամեն ինչ մի օր պարզվում է։ Ձեր առումով էլ ամեն ինչ գրեթե պարզ է։ Ձեր մետամորֆոզների մեխանիզմն էլ այնքան ակնհայտ է, որ այդ մասին նույնիսկ չարժե խոսել։ Բայց գիտե՞ք, թե որն է Ձեր իրական դիմանկարը՝ օձի այն երկու բաց երախները, որ միացնում եւ իբրեւ սրտիկ եք ցույց տալիս։ Սակայն եթե ողջ աշխարհին էլ խաբեք, Ձեզ խաբել չեք կարողանա։ Չէ, հանկարծ չկասկածեք, թե չեմ հավատում Ձեր այդ կարողությանը։
Այդտեղ Դուք երեւի ամենակարող եք։ Պարզապես աշխարհի օրենքն է փոքր-ինչ այլ․ ինքն իրեն խաբել ուղղակի հնարավոր չէ (Աստծո սիրուն, հանկարծ չկեղծեք, չնենգափոխեք ու ասվածը, Ձեր բնույթի համաձայն, շուռ տաք բոլորովին այլ իմաստ ու ենթատեքստով․ խոսքն ինքնախաբեության մասին չէ)։ Ուստի մնում է ընդամենը մի բան․ որ Դուք՝ ինքներդ, ընդունեք Ձեր սխալներն ու մեղքերը, այսինքն՝ նախ ինքներդ Ձեզ, ապա եւ ի լուր աշխարհի խոստովանեք այն, ինչն աշխարհում Դուք ամենից լավ գիտեք։ Իսկ ապա փորձեք ուղղել Ձեր սխալներն ու քավել մեղքերը։ Ձեր պատիժը, պարոն, անխուսափելի է, ինքներդ գնացեք դրան, դա է միակ ելքն ու փրկությունը։ Որովհետեւ մի բան է հարկադիր պատիժը եւ բոլորովին այլ բան՝ կամավոր պատիժը։
2024-ին ես մի «նյութ» էի հրապարակել, որտեղ ինքս ինձ մի ոչ հռետորական հարց էի տվել Ձեր ֆենոմենի մասին։ Այն ձեւակերպված էր այսպես․ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը՝ գործակա՞լ, թե՞ քաղաքական Ռասկոլնիկով»։
Ասեմ, որ ես մի կողմ եմ դնում գործակալի կանխավարկածը (թեեւ դրա հետեւանքների վերացումը, պատիժ կրելու իմաստով, նույնպես տեղավորվում է իմ կողմից Ձեզ առաջարկված՝ ռասկոլնիկովյան պատժի մեջ) եւ ուզում եմ ուշադրություն հրավիրել Ձեզ քաղաքական Ռասկոլնիկով կոչելու պատճառների վրա։ Ռասկոլնիկովը, որի ազգանունը նշանակում է «Հերձվածող», գիտեք, առաջնորդվում էր այն սեւեռուն գաղափարով, թե մեծ գործ անելու հնարավորություն ունենալու համար մարդը կարող է իրեն «փոքր» ոճիր թույլ տալ։ Ճիշտ է, նրա ազդակներում կար ինքնահաստատման լուրջ բարդույթ, սակայն սա էլ անտեսենք, թեեւ սա էլ բնորոշ է Ձեզ։ Այսինքն, նա գաղափարախոսական հիմք էր ստեղծել ոճիրը՝ տվյալ դեպքում մարդ սպանելն արդարացնելու եւ իրեն այդ գործողության մղելու համար։
Նմանատիպ մի մոդել էլ Դուք եք ստեղծել եւ առաջնորդվել դրանով։ Իսկ դա գերագույն սխալ է, ոճիր ու մեղք, որը մարդ գործում է ոչ միայն մարդկության ու աշխարհի, այլեւ հենց իր դեմ։ Ես այդ պատճառով եմ Ձեզ անվանում քաղաքական Ռասկոլնիկով։ Նաեւ՝ այն պատճառով, որ, որպես մարդ, ուզում եմ, հույս ունեմ, որ ի վերջո կգնաք նաեւ պատիժ կրելու ճանապարհով եւ դրանով, ինչպես ասացի վերեւում, կհավաքեք Ձեր շաղ տված ոճիրի սերմերը (նայեք Ձեզ շրջապատող մարդկանց․ դրանք արդեն այնտեղ պարարտ հող են գտել ու ծիլ տվել)։
Ես չեմ ներկայացնի Ձեր գործած ոճիրները, որովհետեւ դրանք անսպառ են, բազում ու բազմաբնույթ։ Հրաժարվում եմ նույնիսկ դրանց ոլորտները թվարկելու մտքից, թեեւ դրանք ուղղված են ոչ միայն հայի, հայկականության դեմ, այլեւ ընդհանրապես մարդ արարածի ու մարդկության դեմ (հիշեցնեմ միայն Ցեղասպանության դատը պաշտպանելուց հրաժարվելը եւ դրան հաջորդած Գազայի ցեղասպանությունը․ գիտե՞ք, որ կապ կա այս երկուսի միջեւ)։ Ես, պարոն, իբրեւ մարդ՝ զարհուրում եմ այն ճակատագրից, որ սպասվում է Ձեզ, այն ճակատագրից, որն ինքներդ եք ստեղծել Ձեզ համար։
Երեւելի մարդ Ռուբեն Վարդանյանը Ձեզ համար «ճիճուի 84 հազար տարվա կյանք» կանխատեսեց։ Բայց Դուք կարող եք փոխել Ձեր ճակատագիրը։ Արել եք ռասկոլնիկովյան առաջին քայլը․ ոճիրը գործել եք։ Արեք նաեւ երկրորդ քայլը, գնացեք նաեւ պատիժը կրելու։ Եվ այդպիսով՝ կանեք Ձեր փրկության առաջին քայլը։
Հիմա, այս նախընտրական քարոզարշավը, որը Դուք ցավալիորեն օգտագործում եք Ձեր ոճիրները խորացնելու եւ բազմապատկելու ասես գիտակցված, նույնիսկ հիվանդագին նպատակադրումով, Դուք՝ ինքներդ, կարող եք վերածել նախախնամության եւ նույնիսկ Աստծո կողմից Ձեզ ընձեռված բացառիկ հնարավորության, գուցե՝ վերջին հնարավորության։
Գտեք այդ հնարավորությունը, օգտվեք դրանից։ Ես կարող եմ մի տարբերակ առաջարկել։ Օրինակ՝ հրաժարվեք իշխանության համար պայքարելուց, հրապարակն օգտագործեք իրական ճշմարտությունը ճանաչելու եւ ճանաչելի դարձնելու համար եւ գնացեք կամավոր պատժի, պարոն, մեղք եք։
Նաեւ հիշեցնեմ Ձեզ եւս մի բան, որը Դուք դարձյալ բոլորից լավ գիտեք։ Դուք անսահման եսամոլ եք, պարոն, ինքնասիրահարված, մեծամտությունից կուրացած, անսխալականության, բացառիկության, երեւի նաեւ մարգարեական կոչվածության խաբկանքով վարակված։ Սակայն եթե սթափ տեսանողի հայացքով նայեք, կտեսնեք, որ այդ ամենը Ձեր կյանքի հետագիծը վերածել եւ վերածում է սեւ անցքի, տիեզերական սեւ անցքի։
Բայց ուզո՞ւմ եք պատմության մեջ գոնե մի լուսավոր հետք թողնել, ուզո՞ւմ եք փրկել Ձեր անունը։ Հրաժարվեք ներկայիս Նիկոլ Փաշինյանից, ընդունեք, ինքնախոստովանեք, որ սխալ պատկերացումներով ու գաղափարներով եք առաջնորդվել, զղջացեք, ներում հայցեք, Ձեզ չհետեւելու կոչ հղեք ներկա ու գալիք սերունդներին, պատիժ կրելու պատրաստակամություն հայտնեք եւ գուցե ներման արժանանաք, գուցե իսկապես մի լուսավոր հետք թողնեք Ձեր ետեւից եւ գուցե հիշվեք այնպես, ինչպես երեւի դեռ ոչ ոք չի հիշվել պատմության մեջ։
Արեւմուտքի Ձեր գործընկերները Ձեր գործողությունները բնորոշում են իբրեւ «խիզախ արարք»։ Այո, Դուք ընդունակ եք անհավատալի թվացող վճռական քայլերի։ Բայց ամենամեծ խիզախությունը կլինի այդ կեղծապատիր «խիզախ արարքներից» հրաժարվելը, դրանց դեմ ելնելը, դրանց կործանարար ընթացքը կասեցնելը։
Ձեզ արդեն «սերիական մարդասպան» են անվանում։ Այս օրերի Ձեր վարքն ու բարքը ցույց են տալիս, որ Դուք ի վիճակի եք գնալու նաեւ այդ ճանապարհով, դիմել դաժանագույն քայլերի եւ նույնիսկ արյունահեղության։ Աստծո սիրուն, հանկարծ չանեք դա, թե չէ կկործանվեք հուր-հավիտյան, պարո՛ն։ Գիտե՞ք, թե ինչ երջանկություն է իշխանություն չունենալը եւ սուտ միսիայից ազատագրված լինելը։ Գիտե՞ք, թե ինչ երանություն է խաղաղված հոգի ունենալը։ Եվ գիտե՞ք, որ քանի դեռ չունեք ներքին խաղաղություն, հնարավոր չէ, որ հասնեք արտաքին խաղաղության։ Իսկ Ձեր ներքին խաղաղության մասին խոսելն իսկ ավելորդ է։ Չգիտեք։ Բայց օրերից մի օր հաստատ կիմանաք։ Մոտեցրեք այդ օրը, արեք դա հենց հիմա։
Եվ քանի որ Ձեզ դիմելու անկումն ունեցա, իսկ անկումը, Ձեր օրինակով գիտեք, գահավեժի վերածվելու տիեզերական օրենք է եւ տանում է հաջորդական՝ առավել վատ ու վատթարագույն քայլերի, ես ինձ թույլ եմ տալիս ենթարկվել այդ օրենքին եւ նամակ-առաջարկ-խնդրանք-նախազգուշացում-հորդորս ավարտել Ձեր իսկ խոսքերից մեջբերում անելով․ «Ամեն բան կախված է մի մարդուց, եւ այդ մի մարդը դո՛ւ ես», պարո՛ն։
ՀԳ․ Երբ 1994-ին արգելվեց «Երկիր» թերթը, մի շարք թերթեր («Առավոտ», «Ազգ», «Լրագիր», «Մոլորակ» եւն), որպես բողոք եւ լրագրողական համերաշխության նշան, սկսեցին իրենց էջերը տրամադրել «Երկրին»։ Եվ պատահել է, որ իմ ու Ձեր ստորագրությամբ հրապարակումները հայտնվել են կողք-կողքի՝ նույն թերթի նույն բացվածքում, բայց հակադիր էջերում։ Հիմա լավ չեմ հիշում, թե դա որ թերթում է եղել։ Կարծեմ՝ «Լրագիրն» էր, թեեւ ես կուզենայի, որ դա «Մոլորակը» լիներ կամ «Ազգը»․ զուտ անվան խորհրդի համար։ Բայց ես այս դրվագը հիշեցի հիմնականում Ձեզ մի դարձյալ ոչ հռետորական հարց տալու համար․ ի՞նչ եք կարծում՝ այն ժամանակ, իբրեւ սկսնակ լրագրող, հնարավո՞ր է, որ անհաջող բառախաղ անելու գայթակղության տրվեիք, ասենք, օրինակ, թե՝ «Դուք Ձեզ հրեշ եք դարձրել, բայց կարող եք նաեւ հրեշտակ դարձնել»։ Եվ հավատայիք Ձեր խոսքերին։
Հակոբ Սողոմոնյան

Բաց մի թողեք
Չարյաց փոքրագույնը՝ ընտրություն եղածի մեջ
Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը
Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ