23/06/2026

EU – Armenia

Փորձել է առիթ ստեղծել, որպեսզի Բելառուսը և Ուկրաինան բախվեն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ սահմանից «խաղաղ բնակչության դեմ անօդաչու սարքավորումների հարձակումները ուղղորդող սարքավորումները հեռացնելու» մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զգուշացումը և այն գնահատել որպես «միջամտություն անկախ պետության ներքին գործերին, նրա ինքնիշխանության դեմ ոտնձգություն»։

Պեսկովը միաժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ և Բելառուսի նախագահները «տեսանելի ապագայում» կհանդիպեն և վստահություն հայտնել, որ «Բելառուսը կպաշտպանի ինքնիշխանությունը»։

Այս համատեքստում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը խիստ ուշագրավ հայտարարություն է արել։ Ինչպես փոխանցել է Բելտա պաշտոնական գործակալությունը, Վոլֆովիչը ասել է, որ Բրյանսկի մարզում բելառուսական ավտոբուսի դեմ դրոնային հարձակման հետ կապված «որոշակի պահեր կզեկուցվեն պետության ղեկավարին, որոշում կընդունվի, բայց չի հաջողվի Բելառուսը ներքաշել հակամարտության մեջ»։

Ավելի երկիմաստ է Բելառուսի ԱԽ քարտուղարի այս հայտարարությունը․ «Էական չէ, ում ավտոբուսն է՝ բելառուսակա՞ն է, ռուսակա՞ն, թե այլ պետությա՞ն է պատկանում, դա խաղաղ բնակիչներով ավտոբուս է, բայց նա, ով այդ հարվածը հասցրել է, փորձել է առիթ ստեղծել, որպեսզի Բելառուսը և Ուկրաինան բախվեն և ինչ-որ վատ իրավիճակ սադրի»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ «չկան ապացույցներ, որ ավտոբուսը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի հարձակմանը», իսկ Ուկրաինայի ԶՈՒ Անօդաչու ուժերի հրամանատարությունը պաշտոնապես հայտնել է, որ «այդ օրը նշված տեղաշրջանում ուկրաինական դրոններ առհասարակ չեն կիրառվել»։

Հունիսի 12-ին Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Al Arabia-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցի տեքստային ամբողջական տարբերակը, որտեղ նա բացառել է Ուկրաինայի դեմ պատերազմին Բելառուսի մասնակցությունը։

Լուկաշենկոն նույնիսկ ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանը կստանա հազար հինգ հարյուր կիլոմետրանոց ռազմաճակատային նոր գիծ, որ «դժվար կլինի պահել»։ Երկու օր հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը մեկնել է Մինսկ։

Բանակցությունների ավարտին Լուկաշենկոն հայտարարել է, որ «բոլոր հարցերը կքննարկվեն» ՌԴ նախագահի հետ «մոտակա օրերին կայանալիք հանդիպմանը»։

Ո՞վ է «Նա», որ բելառուսական ավտոբուսի դեմ դրոնային հարձակմամբ փորձել է հասնել բելառուսա-ուկրաինական բախման և «ինչ-որ վատ իրավիճակի սադրման»։ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը միանշանակ հայտարարել է, որ իր երկիրը «բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորման, խաղաղության և ողջամտության կողմնակից» է։