ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ շփումների անհրաժեշտության ընկալում կա, բայց կոնկրետ ժամկետներ դեռեւս համաձայնեցված չեն,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Նախօրեին Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանին «Անքորիջի պայմանավորվածությունները այլևս պետք չեն, հրադադար պետք չէ, Ռուսաստանին պետք է հաղթանակ, որպեսզի նվաճի դրված նպատակները»։ Նա նաև ամերիկյան կողմին անուղղակի մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» մեջ։
Մոսկվայում համոզված են, որ Դոնալդ Թրամփը կարող էր Զելենսկուն տարածքային զիջումներ պարտադրել, բայց «չի ցանկացել»։
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական կարգավորման լսումներ են անցկացվել։
Reuters-ը բավական ընդարձակ մեջբերումներ է արել քննարկումներին ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դեն Նեգրիի ելույթից, որ թարգմանաբար փոխանցել է ուկրաինական Unian.ua կայքը։ «Միացյալ Նահանգները շարունակում է աներեր աջակցել ուկրաինական ժողովրդին»,- ասել է Նեգրին և դատապարտել Ուկրաինայի «քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի հարվածները»։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հրապարակայնացրել է ամերիկյան հետախուզության տեղեկությունները, որ «Ռուսաստանը ամեն ամիս 40 հազար մարդկային կյանք է կորցնում» և կոչ արել, որպեսզի Մոսկվան «արագորեն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հասնի դիվանագիտական կարգավորման»։
Դեն Նեգրին հայտարարել է, որ «այդ պատերազմում ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում»։ Ռուս-ուկրաինական պատերազմի անցած ավելի քան չորս տարիներին Վաշինգտոնը առաջին անգամ է նման հայտարարություն անում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում ուկրաինական կողմի վերջին գործողությունները «բեկումնային» են գնահատում։
Ukrinform-ը հրապարակել է նույն նիստում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի ելույթի հիմնական դրույթները։ Ըստ այդմ, Ուկրաինան «պատրաստ է հանուն արդարացի և տևական խաղաղության Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը», բայց եթե Անվտանգության խորհուրդը «շարունակի սպասողական կեցվածք պահպանել, բացառված չէ, որ Կիևը սրբագրի և փոխի իր առաջարկությունը»։ Ըստ ուկրաինացի դիվանագետի, «ռազմաճակատի փաստացի գծի երկայնքով հրադադարի հաստատումը արդեն իսկ մեծ զիջում» է։
Այս համատեքստում ի՞նչ ուղերձ կարող է Մոսկվային փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, մնում է անորոշ։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հղում է արել նախագահ Թրամփի հորդորին, որ նա հնչեցրել է G7-ի գագաթաժողովի հարթակից: «Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի»։
Նույն օրը նույն տեղում ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի հետ «Փոխըմբռնման մասին» հուշագիրը։ Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 18-20-ը սահմանել է պետական դումայի ընտրությունների քվեարկության օրեր։
Մինչ այդ նա հազիվ թե Ուկրաինայի հետ «համաձայնագիր կնքի» իսկ հետո՞։ Պուտինը կընդունի՞ Թրամփի «քաղաքական վերջնագիրը»։

Բաց մի թողեք
Տիխանովսկայան ասել է, որ «ծայրահեղական» պիտակը Լուկաշենկոյի վրեժն է
Առաջընթաց չի գրանցվել հայ – թուրքական գործընթացում, բարդացել են ռուս – հայկական հարաբերությունները
Ալիևը «մեծ 20-յակի» գագաթաժողովի հրավերլի համար շնորհակալ է Թրամփին, իսկ Փաշինյանը կհրավիրվի՞