24/06/2026

EU – Armenia

Ինչու «Գելափի» հարցումները տարբերվեցին ընտրությունների արդյունքներից

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Գելափը» հարցումներ էր արել եւ ընտրությունների արդյունքներից կտրուկ տարբերվող արդյունքներ ստացել:

Ըստ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի», խորհրդարան էր անցնելու ոչ թե 3, այլ 5 ուժ, եւ ընտրություններին մասնակցելու էր ոչ թե ընտրողների 58.9 տոկոսը, այլ՝ 65.4: ԲՀԿ-ն հավաքելու էր 8,8 տոկոս՝ երկու անգամ իրական արդյունքից շատ: Թաթոյանի կուսակցությունը 6,2 էր ստանալու, բայց ստացավ դրա կեսը, իսկ «Հայաստան» դաշինքը 15,2 էր ստանալու՝ ըստ «Գելափի» կանխատեսման: Սխալ էր նաեւ «Ուժեղ Հայաստանի» արդյունքը` «Գելափը» կանխատեսել էր 16,4 տոկոս, սակայն ստացավ 23,27: Ինչո՞ւ է այսպիսի մեծ շեղում եղել իրական թվերից:

Ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը չի ընդունում, որ շեղումներն ահռելի են կամ «շատ մեծ», եւ կարծում է, որ իր հրապարակած տվյալները, բոլոր մյուս հարցումների տվյալների համեմատ, ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:
«Դրանում դժվար չէ համոզվել: Երկրորդ․ կան բացատրելի շեղումներ ու անբացատրելի շեղումներ: Մեր հարցումներով՝ շուրջ 33 տոկոս պետք է քվեարկեին ՔՊ-ին: Մենք չենք հավակնում, որ 100 տոկոսանոց ճշգրտություն ունենք, բայց շեղումը չէր կարող լինել 10-ից ավելի տոկոսի: Կարծում եմ, որ այստեղ դեր են խաղացել վարչական ռեսուրսը, զինվորականների քվեարկությունները, ադմինիստրատիվ ռեսուրսը, որոնք մենք չենք կարող չափել: Մենք չափում ենք ներկայացուցչական ընտրանքով, այսինքն, թե հավասար բաշխվածության դեպքում ինչպես հասարակության մեջ, ենթադրվում է, որ ոստիկանները պետք է ունենան տարբեր կարծիքներ: Բայց քանի որ ոստիկանությունը, այլ ուժայինները եւս, պետական ծառայողները, ունենալով ընդդիմադիր կարծիքներ, քվեարկել են իշխող ուժի օգտին, եւ վախի ազդեցությունն է գործել, մենք սա չէինք կարող տեսնել: Չնայած, ես չեմ ուզում բացառել մեր սխալը»:

«Ուժեղ Հայաստանի» տվյալների դեպքում եւս մեծ է եղել շեղումը, եւ Արամ Նավասարդյանը չի բացառում, որ պատճառը կարող էր լինել «խրախուսանքը», որ գնան ու քվեարկեն ինչ-որ ուժի: «Բայց ես ձեռնպահ կմնամ որակումներից, որովհետեւ չկա դատարանի որոշում: Ես նկատի ունեմ խրախուսանքը, որ գնան, քվեարկեն ինչ-որ ուժի»: Իսկ ինչո՞ւ «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն իր կանխատեսումներից քիչ ստացան։ «Սամվել Կարապետյանի ուժն ամեն դեպքում, որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ, այս երկու ուժերից որոշակի տոկոսներ կլանել է իր մոտ: Միանշանակ, ազդել է նաեւ այն հանգամանքը, որ վերջին երկու օրը իշխանությունը գործադրեց իր ուժային լծակները, կալանավորումներ արեց»: Այսինքն՝ վախի գործոնը որոշի՞չ եղավ: «2021 թվականին էլ կար վախի գործոն, բայց այն ժամանակ կար հետպատերազմյան ապատիայի վիճակը, իսկ 26 թվականին մեծապես դեր խաղաց իշխանության սերմանած վախի մթնոլորտը: Մենք տեսնում ենք ձայնագրությունները: Շատ հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում: Եթե նկատել եք, կան այնպիսի ձայնագրություններ, որտեղ ոչ մի խնդրահարույց բան չկա: Միայն 10 տոկոսը կարող է որոշ չափով կասկածելի թվալ, մնացածը կենցաղային խոսակցություններ են: Սա արվում է, որպեսզի քաղաքացիները, լսելով ամեն օր դրանք, մտածեն, որ իրենց էլ կարող են լսել»:

Այս ամենը, ըստ Արամ Նավասարդյանի, մարդիկ հանդուրժում են մինչեւ որոշակի սահման, որից հետո լինում է պոռթկում, ինչը ցույց է տալիս այլ երկրների փորձը: