Մենք պարոն Թրամփի հետ, մասնավորապես, քննարկել ենք նավաշինության հարցը։ Խոսքը ֆրեգատի, կորվետի, սուզանավի մասին է, որ Թուրքիան կարող է կառուցել իր նավաշինարաններում։
Ինչպես փոխանցել է Turkiye պարբերականը, այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ ռազմատեխնոլոգիական բնագավառում համագործակցության հեռանկարի մասին հարցին։
Լրատվամիջոցը իր կողմից հավելել է, որ Միջերկրական ծովում ԱՄՆ Ռազմածովային ուժերի ներկայությունը «Իրանի հետ պատերազմով պայմանավորված մեծացել է, իսկ տարածաշրջանի միակ երկիրը, որ վերանորոգման և տեխնիկական սպասարկման արդիական ենթակառուցվածքներ ունի, Թուրքիան» է։ Ըստ աղբյուրի, ամերիկացի զինվորականները «ամիսներ առաջ այցելել են Ստամբուլ և նավաշինարանի հնարավորություններով տպավորվել»։
Այս տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում Հյուսիս-ատլանտյան դաշինքը առաջին անգամ անդրադարձել է Իրանին։ Ընդգծվել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, իսկ Հորմուզի նեղուցում «պետք է ապահովվի ազատ նավագնացությունը»։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր Թուրքիան մշտապես հայտարարել է, որ պատերազմին չի ներգրավվի։
Թրամփ-Էրդողան բանակցություններում, հնարավոր է, Իրանի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի եթե ոչ ուղղակի մասնակցության, ապա առնվազն դրանց աջակցելու հեռանկարը քննարկվել է։ Փաստ է, որ Իրանի շրջափակումը և նրա դեմ հարվածները վերսկսելու որոշում ԱՄՆ նախագահը կայացրել է Անկարայում, ինչը բավական խորհրդանշական է։
Հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում խոսել է Ադրբեջանի հարավային և հյուսիսային սահմաններին ընթացող պատերազմի մասին։ Ալիևը հավաստիացրել է, որ «թույլ չի տա Ադրբեջանը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։ Բաքուն ռուս-ուկրաինական պատերազմին արդեն իսկ ներգրավված կողմ է: Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում բացահայտել է, որ Ադրբեջանը ռազմաարդյունաբերության ոլորտում գործընկեր է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հարավային սահմաններին, ապա Իրանի դեմ պատերազմին Թուրքիայի ուղղակի կամ միջնորդավորված մասնակցության դեպքում Բաքվի ընտրության միջակայքը չափազանց սեղմ կլինի։ Խնդիրն այն է, թե թուրք-ամերիկյան համագործակցությունը ի՞նչ զարգացում կունենա, և Թեհրանը դրան ինչպե՞ս կարձագանքի։ Turan Union-ի մեկնաբանի գնահատմամբ՝ «ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել, որպեսզի նրա աշխարհաքաղաքական թռիչքը կասեցնի և ներքաշի միանգամից մի քանի հակամարտությունների մեջ»։

Բաց մի թողեք
Լատվիան և Ուկրաինան դիմում են ֆուտբոլին՝ գենդերային անհավասարությունը նվազեցնելու համար
Ռուսաստանը մեղադրվում է ընտրություններից առաջ գերմանական ծայրահեղ աջերի համար ապատեղեկատվություն տարածելու մեջ
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում Թուրքիայում