29/07/2026

EU – Armenia

Պուտինը Ալիևի հետ շփվել է Փաշինյանի հետ, մեղմ ասած՝ «սառը» հեռախոսազրույցի հաջորդ օրը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է «ռուս-հայկական հարաբերությունները Ադրբեջանի հետ չկապել»՝ արձագանքելով Մարիա Զախարովային, ում ներկայացմամբ քառասունչորսօրյա պատերազմում «ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դնել հնարավոր չէր, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչել անկախ կամ իր մաս»։

Հաջորդ օրը կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և միջազգային դրությունը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ «առաջնորդները ընդգծել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային նախարարությունների գծով երկխոսության ակտիվացումը»։

Տասը օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը եռամյա ընդմիջումից հետո պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով բանակցություններ վարել ռուսաստանցի պաշտոնակից Լավրովի հետ։

Համատեղ մամուլի ասուլիսին ՌԴ արտաքին գործերի նախարարը հրապարակայնացրել է, որ կողմերը աշխատում են «հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերադարձնելու ուղղությամբ»։

Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մասին Կրեմլի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Լավրովի լավատեսությունը չափազանցված էր, Բաքուն Մոսկվայից «վասալական կախվածության վերադառնալու» մտադրություն չունի։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որ ռուս-հայկական հարաբերությունները «չպետք է կապակցվեն ռուս-ադրբեջանականի հետ», վկայում է, որ Ալիևը հրաժարվում է հայ-ադրբեջանական կարգավորման «բազային հիմք» ընդունել 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունները՝ ինչպես Բայրամովի հետ բանակցություններից հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը «աջակցելու» Մոսկվայի «պատրաստակամությունը հիմնավորել» է Լավրովը։

Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Մոսկվա-Բաքու հարաբերությունները «խզվում» են կամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը «վաղը ստորագրելու» է։ Փաստը, որ Պուտինը Ալիևի հետ շփվել է Փաշինյանի հետ, մեղմ ասած՝ «սառը» հեռախոսազրույցի հաջորդ օրը, խորհրդանշական է։

Հայաստանի համար լուրջ խնդիր է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորել։ Բայց ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։