12/08/2026

EU – Armenia

Փաշինյանը գտա՞վ «իր սրտի դատավորին», թե՞ սպասենք նոր ինքնաբացարկի. Լուսանկար

Վեհափառի ու 6 եպիսկոպոսների գործով նոր դատավոր Սերժ Ռուշանյանը թերևս կանգնեց իր կյանքի ամենամեծ փորձություններից մեկի առջև։ Սա այն դեպքն է, երբ կարելի է հանգիստ ասել, որ «շառն» իր ոտքով եկավ ու կպավ դատավորին։

Այս առումով հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ հատկություն ունի՝ իր ապազգային մոտեցումները գցել տարբեր մարդկանց գրպանը, որից հետո մարդիկ կանգնում են երկընտրանքի առաջ. կա՛մ կատարել «վերուստ» իջած հրամանն ու արժանանալ հանրային պարսավանքի, բայց փոխարենը դասվել իշխանության «սիրելիների» շարքում, կա’մ մերժել ապօրինի հրամանները ու դառնալ քաղաքական հետապնդման թիրախ։

Ահա նման ընտրության առաջ կանգնեց Սերժ Ռուշանյանը, որից խուսափելու տարբերակ գրեթե չունի։ Կա երեք ճանապարհը. գտնել որևէ պատրվակ ու ինքնաբացարկ հայտնել, կարճել գործը՝ համարելով ապօրինի, դատել Վեհափառին։

Այսուհետ տվյալ դատավորի ճակատագիրն ամբողջովին գտնվում է իր ձեռքում։ Բացառապես նա պետք է ընտրի, թե ինչպիսի աշխատանքային կարիերա է սպասվում իրեն հետայսու։ Ինչ խոսք, մարդկայնորեն կարելի է նրան հասկանալ, քանի որ ոմանց համար դժվար է մերժել Փաշինյանին ու հայտնվել ռեպրեսիվ մեքենայի անիվների տակ։ Ոչ բոլորն են ունակ դիմագրավելու ճնշումներին, ոչ բոլորն են ունակ դիմանալ անազատությանը, ոչ բոլորն են պատրաստ կանգնել մինչև վերջ, նաև ոչ բոլորը կարող են տուրք չտալ կարիերայի առաջխաղացման ու ֆինանսական բարելավման գայթակղությանը։

Բայց նաև դժվար է դատել Վեհափառ Հայրապետին ու արժանանալ Աստծո ու մարդկանց անեծքին։ Ոչ բոլորն են պատրաստ «ձեռք բարձրացնել» Աստծո օծյալի վրա՝ աչքի առաջ ունենալով Աստվածային խոսքը. «Սրով եկողը, սրից էլ կընկնի»։ Ոչ բոլորն են պատրաստ այն հեռանկարին, որ իրենց կանվանեն տիրադավ, աստվածամերժ, որ թեկուզ բարևի համար իրենց մեկնած ձեռքը կարող է «օդում» մնալ։ Ոչ բոլորն են պատրաստ այն մտքին, որ կանայք իրենց անունը հնարավոր է տան անեծքով, տղամարդիկ՝ հայհոյանքով։

Ահա նման հեռանկար է սպասվում բոլոր նրանց, ովքեր մասնակից են դառնում Վեհափառի դեմ իրականացվող գրոհին՝ սկսած պատգամավորներից ու նախարարներից, վերջացրած դատավորներով ու տիրադավ հոգևորականներով։

Սակայն եթե այս մարդկանց կարելի է մեղադրել թուլակամության, անողնաշարության, ստրկամտության, փողասիրության ու կարիերիստ լինելու մեջ, Նիկոլ Փաշինյանի մեղքը հազարապատիկ է։

Եթե մինչ այդ նա մարդկանց բաժանում էր սևերի ու սպիտակների, այնուհետև ողջերի ու մեռածների ու բոլորին հանում բոլորի դեմ, այժմ ու արդեն տևական ժամանակ, նա կործանում է նաև մարդկանց հոգիները, քանի որ ցանկացած մարդ վաղ թե ուշ կանգնելու է դատաստանի առջև ու դժվար է Աստծո մոտ արդարանալ, որ իրենք ընդամենը կատարում էին Փաշինյանի հրահանգները։

Blog Image