17/08/2026

EU – Armenia

Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ սրելու նպատակ չունի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ից և Թուրքիայից Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու մասին տեղեկության կապակցությամբ ԱՄՆ-ից և Թուրքիայից մեկնաբանություններ է խնդրել։

Այդ մասին օգոստոսի 15-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցել է ՌԻԱ Նովոստին։ «Բանը միայն զոհերը և ավերածությունները չեն, որ Կիևի իշխանությունները ձգտում են մասշտաբայնացնել, այլև Վաշինգտոնի և Անկարայի հետ մեր երկկողմ հարաբերություններին լուրջ վնասը»,- ասել է Զախարովան։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետական դեպարտամենտը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է, որ թուրքական, ամերիկյան և բուլղարական մասնավոր ընկերությունների միջոցով Թուրքիայում գտնվող ամերիկյան սպառազինությունների պաշարից Ուկրաինային կմատակարարվեն «համազարկային կրակի MLRS կայանքներ և ATACMS բալիստիկ հրթիռներ»։

«Խաղաղասիրական հռետորաբանությունը օգտագործելուն զուգահեռ ուկրաինական նացիստների զենքի մատակարարումը անխուսափելիորեն մաշեցնում է փոխադարձ վստահությունը»,- ամերիկա-թուրք-ուկրաինական գործարքի մասին ասել է Մարիա Զախարովան։

Վաշինգտոնից Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը և հետախուզական տեղեկությունների տրամադրումը նորություն չէ, ուստի «փոխադարձ վստահության մաշեցման» և «խաղաղասիրական հռետորաբանության» մասին նրա «կշտամբանքի» բուն հասցեատերը, ամենայն հավանականությամբ, Թուրքիան է։

Զախարովայի «այլասացությունից» կարելի է հասկանալ, որ Մոսկվան Անկարայի հետ բարդություններից խուսափում է, բայց ակնհայտ փաստերը շրջանցել չի կարող։

Ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ խնդիր է C 400 հրթիռային համակարգի ճակատագիրը։ ԱՄՆ-ը պահանջել է, որ Թուրքիան այն վաճառի, իսկ դրա համար հարկ է ունենալ Ռուսաստանի համաձայնությունը։

Բացառված չէ, որ այն ստանալու դեպքում Թուրքիան «կհրաժարվի» Ուկրաինային իր տարածքում գտնվող ամերիկյան սպառազինությունների մատակարարումից։ Ամեն դեպքում, ՌԴ ԱԳՆ զգուշավոր ոճը վկայում է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ սրելու նպատակ չունի։