19/08/2026

EU – Armenia

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց նկատառում անել, ինչին միջամտեց ՈՒՀ-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Վահագն Ալեքսանյանը նիստը վարողի իրավունքով նրան հայտարարեց նախազգուշացում: Տեղից արձագանքեց ՈՒՀ-ի պատգամավոր Դավիթ Ղազինյանը:

Վահագն Ալեքսանյանը արձագանքեց՝ ասելով. «Դավի՛թ Ղազինյան, Ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում»:

Ղազինյանն ասաց, թե իրենք էլ Ալեքսանյանին են հայտարարում նախազգուշացում, Ալեքսանյանն էլ ասաց. «Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում»:

Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում: Ձեզ պահեք կարգ ու կանոնով»:

Այնուհետև ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից»:

Վահագն Ալեքսանյանը Դավիթ Ղազինյանից պահանջեց դուրս գալ դալիճից: Տեսնելով, որ Ղազինյանը չի ենթարկվում պահանջին՝ Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:

«Ես խնդրում եմ, որ անվտանգության աշխատակիցները մոտնենան և դուրս հանեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին»,- ասաց նա:

Անվտանգության աշխատակիցները մոտեցան, սակայն Ղազինյանը ինքնակամ լքեց դալիճը: Նրա հետ դահլիճը լքեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները: