Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն, հատկապես այս համայնքում են ուզում ռեւանշի գնալ, որ դա ի ցույց դնեն մյուս համայնքապետերին, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր եռանդով չեն աշխատում ՔՊ-ի օգտին։
Չնայած Ստեփանավանի գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, նրան են մեղադրում համայնքում կրած պարտույան համար։ Այսօր ՔՊ-ն` Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։
Մենք տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանը 2026 թվականի հոկտեմբերի 25-֊ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է որպես Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Մենք կապ հաստատեցինք Ստեփանավան համայնքի մամուլի քարտուղար Արմինե Բալայանի հետ, ով նշեց․ «Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու է լինելու՝ պետական իշխանության աջակցությամբ, մենք հեռու չենք իրենցից, ընդդիմադիր դաշտ չենք տեղափոխվել»։ Այսինքն, ՔՊ-ն երկուսի թեկնածությունն էլ պաշտպանում է, ով շատ ձայն կհավաքի` նա էլ հավանաբար կդառնա համայնքապետ, ինչը հերքում է «Ուժեղ Հայաստանի» որեւէ առնչություն այս անձի հետ: Եթե նման առնչություն լիներ, ապա վերջին կառաջադրվել ընդդիմադիր կուսակցության կողմից:
Արմինե Բալայանը մեզ այլ մանրամասներ չհայտնեց, չցանկացավ նշել նաև կուսակցության անունը, որով առաջադրվելու է Արմեն Գրիգորյանը, նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։ Թերեւս կառաջադրվի ՔՊ-ի «քույր կուսակցություններից» որեւէ մեկի ցուցակով:


Բաց մի թողեք
Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային
Ալիևը շնորհավորական նամակ է հղել Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուին
Վերանորոգվա՞ծ, թե՞ վնասված․ ինչ է արձանագրվել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում