Հայաստանում այս ուսումնական տարին նախատեսվում է անցկացնել ընթերցանության խթանմանն ուղղված ծրագրերի ակտիվացմամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ տարին հայտարարվել է ընթերցանության տարի, և դրա շրջանակում ամբողջ տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։
Նախարարի ներկայացմամբ՝ տարվա յուրաքանչյուր ամիս ունենալու է առանձին գրական ուղղվածություն։ Ուսումնական տարին մեկնարկելու է «Սասնա ծռեր» էպոսով, որից հետո նախատեսվում է անդրադառնալ տարբեր ժանրերի ու գրական ձևերի։
Ծրագրի շրջանակում հոկտեմբերը հատկացվելու է թարգմանական գրականությանը, նոյեմբերը՝ վեպին, իսկ դեկտեմբերը՝ դետեկտիվ ժանրին։ Հունվարին ուշադրության կենտրոնում կլինի դրամատուրգիան, փետրվարին՝ հեքիաթը, մարտին՝ պոեզիան։ Ապրիլը նվիրվելու է մանկական գրականությանը, իսկ մայիսին նախատեսվում է կենտրոնանալ հուշագրությունների, կենսագրական և մոտիվացիոն գրականության վրա։
Անդրեասյանը նաև առանձնացրել է այս տարվա մեկ այլ կարևոր փոփոխություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմնի գործառույթը ստանձնելու է ԿԳՄՍ նախարարությունը։
Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի հստակ տարանջատել ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների պարտականությունները։
Այսուհետ դպրոցների բովանդակային կառավարմանն առնչվող հարցերը կգտնվեն ԿԳՄՍ նախարարության պատասխանատվության ներքո, մինչդեռ վարչատնտեսական բնույթի գործընթացներն ամբողջությամբ կկենտրոնացվեն մարզպետների աշխատակազմերում։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր