28/08/2026

EU – Armenia

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատերազմի ավարտի համար բացվել է դիվանագիտական «հնարավորությունների պատուհան», որը սկսվելու է դեկտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովից եւ տեւելու է մինչեւ 2027 թ․ ամռան վերջը

։ Սա կոնկրետ ժամկետի մատնանշում չէ, այլ որոշ իրադարձություններով եւ պրոցեսներով պայմանավորված կանխատեսում, երբ միջազգային ասպարեզում իրավիճակը կարող է լինել ձեռնտու՝ հակամարտության կարգավորման եւ հաստատուն պայմանավորվածությունների ձեռքբերման համար։

Դեկտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ն այս պահին աշխարհում միակ երկիրն է, որպես գլոբալ ուժային կենտրոն, որն ի վիճակի է պայմանավորվել Ռուսաստանի հետ նաեւ Ուկրաինայի մասով։ Արեւմտյան ճամբարի եվրոպական հատվածը, ըստ էության, ցույց է տվել, որ ուկրաինական կարգավորման մասով ամուլ է։

ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորվի՝ բազմաթիվ պատճառներով։ Դա թե՛ Թրամփի՝ համաշխարհային խաղաղարար լինելու ամբիցիաների հետ է կապված, թե՛ ռուս-ամերիկյան հնարավոր բիզնես-շահերի, թե՛ ամերիկյան ներքաղաքական եւ արտաքին քաղաքական շահերի։ Թրամփի համար առաջիկա նոյեմբերին կա լուրջ փորձություն՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

Դրանք ռիսկային են եւ կարող են բերել նրան, որ իր նախագահության մնացած հատվածը վերածվի «կաղ բադիկի»։ Հետեւաբար՝ Մոսկվա-Կիեւ հակամարտության կարգավորումը նրա համար ներամերիկյան պլանում լուրջ կապիտալ կարող է լինել առաջիկա ընտրական պրոցեսներում։

Բացի այդ՝ հակամարտության կարգավորմամբ Թրամփն իր համար ոչ այնքան սիրելի Եվրոպայի հանդեպ հերթական անգամ կհաստատի սյուզերենի իրավունքներ։ Այս ամենը նկատի ունենալով է Կիեւը նման ժամկետի մասին խոսում։

Մյուս կողմից, Կիեւում հասկանում են, որ եթե այդ ժամանակն էլ ձեռքից բաց թողնեն, հետո շատ ավելի բարդ է լինելու։ Հաջորդ տարվա ամռան վերջին Ամերիկան մտնելու է միջանկյալ ընտրությունների նախընտրական փուլ, եւ ուկրաինական թեման մղվելու է երկրորդ պլան։

Ընտրություններում հնարավոր վատ արդյունքները եւ «կաղ բադիկի» վերածումը Ուկրաինայի համար կնշանակի պոտենցիալ հնարավորությունների չեզոքացում, որովհետեւ ցանկացած հարցում Թրամփը հարկադրված կլինի Կոնգրեսի հետ «ճակատամարտեր» մղել, իսկ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիան, պարզ է, թե ինչ կլինի։

Մինչդեռ ժամանակն աշխատում է Կիեւի դեմ։ Ուստի Զելենսկին պարզապես մոտավոր ժամկետ է նշել, թե երբ է հնարավոր ավելի կոնկրետ քայլեր անել՝ պատերազմին վերջ տալու համար։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հարցով բանակցությունները ներկայումս դադարեցված են, և դրանց վերսկսման վերաբերյալ նոր առաջարկներ չկան։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այս հարցը ներկայումս դադարեցված է, և նոր գաղափարներ չկան»։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց ներկայումս նախատեսված չէ։ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցից հետո առաջնորդների միջև հնարավոր զրույցի մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռևս ծրագրեր չկան»։