08/09/2026

EU – Armenia

Որտեղից է գալու իշխանափոխության թրիգերը

Երկրում նողկալի, գաղջ մթնոլորտ է, անհուսության եւ անելանելիության զգացում կա օդում: Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել, մարդիկ փոփոխություններ են ուզում՝ քաղաքական իշխանության, հանրային միջավայրի:

Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմության փաստացի առաջնորդ Սամվել Կարապետյանը փոփոխությունների հնարավորության մասին խոսելիս 1-2 ամիս առաջ ասում էր, որ քաղաքական փոփոխության` իշխանափոխության համար թրիգեր է պետք, հայերեն ասած` շարժառիթ, երբ այն առաջանա կամ հասունանա, կլինի իշխանափոխություն: Հասարակությունը սպասում է իշխանափոխության թրիգերի (ների), փորձենք հասկանալ, թե որը կարող է լինել իշխանափոխության շարժառիթը, որտեղից կարող է գալ կամ հասունանալ:

Տնտեսական, սոցիալական թրիգեր

Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող արտահանման սահմանափակումները, որոնք, ըստ էության, պատժամիջոցներ են տնտեսության տարբեր ճյուղերի եւ ընկերությունների դեմ, արդեն բերել են ճգնաժամի գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտում, մեկ այստեղ, մեկ այնտեղ տեղի են ունենում գյուղացիական ընդվզումներ, անելանելի դրության մեջ հայտնված մարդիկ փողոց են փակում, հավաքվում կառավարության շենքի դիմաց: Իշխանությունը փորձում է մարել տեղային հրդեհները, բայց ճգնաժամը գնալով խորանալու է: Ռուսաստանը դեռ չի օգտագործել Հայաստանի դեմ իր ազդեցության բոլոր լծակները, Պուտինը սպառնում է, որ դրանք չեն սահմանափակվելու միայն գազով եւ էներգակիրներով, նկատի ունի միջուկային վառելիքի մատակարարումները: Մարդիկ համոզվում են, որ իշխանության առաջարկած տնտեսության վերակողմնորոշումը ԵՄ եւ այլ շուկաներ ոչ միայն երկար ժամանակ է պահանջում, այլեւ գործնականում անիրականանալի է: Ռուսաստանից եկող մարդկանց եւ ֆինանսների հոսքը տնտեսական ակտիվության եւ զարգացման տպավորություն են ստեղծում, բայց դա տեւելու է եւս 2 շաբաթ, մինչեւ սեպտեմբերի 20-ին նշանակված ՌԴ Պետդումայի ընտրությունները, որից հետո, այսպես թե այնպես, դադարելու է: Տնտեսական վիճակի վատթարացումը եւ սոցիալական աճող խնդիրները հասարակության համար տեսանելի են դարձնում գործող իշխանության անընդունակությունը՝ լուծելու երկրի առաջ կանգնած խնդիրները, մարդկանց մոտ արմատանում է այն համոզումը, որ հենց իշխանությունն ու նրա իրականացրած սխալ, երկրի շահերին չհամապատասխանող քաղաքականությունն է այդ խնդիրների բուն պատճառը, միայն իշխանության հեռացմամբ է հնարավոր նորից վերադառնալ աշխատանքային բնականոն հուն: Չնայած ընդունված է համարել, որ հայերը հակված չեն սոցիալական բունտի, բայց տնտեսական ընդվզումը սոված բունտ չէ, երբ քաղցած մարդիկ դուրս են գալիս փողոց` հաց պահանջելու, այլ գիտակցված պայքար` իրենց աշխատանքի եւ տնտեսական գործունեության պայմանների ապահովման համար, չխանգարելու, որ իրենք աշխատեն եւ ապրեն:

Ադրբեջանական թրիգեր

Ադրբեջանը շարունակում է Հայաստանից կամ իր հայաստանյան կամակատարներից նորանոր զիջումներ պահանջել` նոր տարածքների հանձնում, ՀՀ սահմանադրության համապատասխանեցում իրենց պահանջներին: Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է կատարել այդ պահանջները` Հայաստանի տարածքից հատվածներ հռչակում է ադրբեջանական, դրանք Ադրբեջանին հանձնելու նպատակով` որպես իր պաշտոնավարման փրկագին: Հասարակությունը հասկանում է, որ այդ պահանջների կատարումը երկիրը տանում է մասնատման, ոչնչացման` Ադրբեջանի կողմից Հայաստանի գաղութացման: 2024-ին Փաշինյանն Ադրբեջանի պահանջով տարածքներ զիջեց Տավուշի մարզում, որի դեմ պայքարը ձեւավորեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը` բարձրաստիճան հոգեւորական Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Տասնյակ հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին, հավաքվեցին Հանրապետության հրապարակում` պահանջելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը: Իշխանությունը բռնության, խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառմամբ, կալանավորումներով կարողացավ ճնշել շարժումը: Ամեն հերթական զիջում Ադրբեջանին բերելու է նոր ընդվզման, ամեն անգամ գնալ բռնաճնշումների, բոլորին ահաբեկիչ հռչակել` դժվար կլինի: Եթե ընտրությունների ժամանակ ընդդիմությունը չմիավորվեց, որովհետեւ կային անձնական ամբիցիաներ, սահմանադրական հանրաքվեի դեպքում կարող է տեղի ունենալ իրական ընդդիմադիր ուժերի համախմբում, եւ ադրբեջանական ճնշման տակ կեղծիք անելը` հանրաքվեի արդյունքները կեղծելը կարող է չներվել իշխանությանը: Հաջորդ անգամ շարժումը կարող է գլխավորել ոչ թե ՀԱԵ առանձին թեմ, այլ Եկեղեցին` իր առաջնորդով, եւ շարժումն էլ կարող է կոչվել «Հայ առաքելական եկեղեցին՝ հանուն հայրենիքի փրկության»:

Աշխարհաքաղաքական թրիգեր

Փաշինյանի իշխանությունը, կորցնելով հանրային աջակցությունը, մնացել է բացառապես արտաքին աջակցության հույսին: Սակայն իշխանության արտաքին տերերն իրենք են խրվել բազմապիսի խնդիրների մեջ` ԵՄ երկրներում տնտեսական եւ ֆինանսական խնդիրներն ավելանում են, գազի եւ նավթի գների աճ, մրցունակության անկում եւ դրա հետեւանք սոցիալական ճգնաժամեր: Փաշինյանական ռեժիմի հովանավորները կորցնում են իրենց հեղինակությունն ու իշխանությունը․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իշխանությունը կկորցնի 2027 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարկանիշն այնքան ցածր է, որ գերմանացիները պահանջում են նրա վաղաժամ հեռացումը, Բրիտանիայում տարվա մեջ 2 վարչապետ է փոխվում, ԱՄՆ նախագահ Թրամփը փաստացի պարտվեց Իրանի դեմ սանձազերծած պատերազմում եւ դրա արդյունքում կարող է կորցնել իր հանրապետական մեծամասնությունը՝ նոյեմբերին սպասվող Կոնգրեսի ընտրություններում: Արեւմուտքը թուլանում է, կորցնում է աշխարհի այլ երկրների վրա ազդելու լծակները, գաղութատիրական ռեժիմը փլուզվում է: Առանց արտաքին աջակցության, փաշինյանական ռեժիմը կկորցնի իր արտաքին լեգիտիմությունը, մանավանդ որ այլ երկրներ նրա իշխանությունը համարում են անօրինական: Ուկրաինայում պատերազմի ավարտն ավելի ու ավելի հավանական է դառնում, եւ Հայաստանում արեւմտյան հովանավորությամբ գոյատեւող հակառուսական ռեժիմի գոյությունը կարող է դառնալ անիմաստ:

Այս թրիգերները փոխկապակցված են, աշխատում են համատեղ, ինչը հանգեցնում է ռեժիմի թուլացման: Այն, որ ռեժիմը դժվար վիճակում է, տեսանելի է նաեւ նրա վարքից` բռնության շարունակական աճը խուճապի արտահայտություն է. բռնությունն ու հանրային վախն են մնացել ռեժիմի միակ գործիքը, բայց, ինչպես ամեն գործիքի դեպքում, դրա չարաշահումը բերում է գործիքի խափանման եւ կործանման: