13/09/2026

EU – Armenia

Գազի իրական գինը միայն հազար խորանարդ մետրի դիմաց վճարվող դոլարը չէ

Հայաստանը դիվերսիֆիկացնելու է ամեն ինչ՝ անկախ նրանից՝ ռուսական գազը կթանկանա՞, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մեջ ամենակարևորն այդ «անկախ»-ն է։ Եթե հնարավոր լինի գազ ստանալ երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, ասում է վարչապետը, Հայաստանը գնալու է այդ ճանապարհով՝ պետականությունն ու անկախությունն ամրապնդելու համար։

Սա արդեն պատասխան է մի բանավեճի, որը Մոսկվան ամիսներ առաջ տեղափոխել էր աշխարհաքաղաքական դաշտ։ Ապրիլին Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հիշեցրեց՝ Ռուսաստանը Հայաստանին հազար խորանարդ մետր գազը վաճառում է 177.5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն կարող է արժենալ ավելի քան 600 դոլար։ Թվաբանությունը պարզ էր, ուղերձը՝ առավել ևս․ եվրոպական ընտրությունը կարող է տնտեսական գին ունենալ։

Երևանի պատասխանը հիմա այլ տրամաբանություն է առաջարկում․ գազի գինը կարող է որոշել, թե որտեղից գազ գնել, բայց չպետք է որոշի, թե ինչ արտաքին քաղաքականություն վարել, և այստեղ սկսվում է ամենադժվար մասը։ Դիվերսիֆիկացիան քաղաքական հայտարարությամբ չի ավարտվում։ Այն պահանջում է այլընտրանքային գազ, այլընտրանքային երթուղիներ և, ամենակարևորը, այդ գազը Հայաստան հասցնելու ու սպառողին վաճառելու կարողություն։

Հայաստանն այսօր տարեկան սպառում է մոտ 2.7 միլիարդ խորանարդ մետր ներմուծվող գազ։ 2025-ին Ռուսաստանից ստացվել է մոտ 2.23 միլիարդ, Իրանից՝ շուրջ 476 միլիոն խորանարդ մետր։ Այսինքն՝ այլընտրանքի սաղմն արդեն գոյություն ունի։ Իրանական գազը Հայաստան է գալիս «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով․ Հայաստանը մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին փոխանցում է երեք կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Գործող համաձայնագիրը երկարաձգված է մինչև 2030 թվականը։

Եվ այստեղ կա կարևոր, հաճախ անտեսվող փաստ։ Հայաստան–Իրան գազամուղի հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան այսօր օգտագործվող ծավալը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը դրա տարեկան թողունակությունը գնահատել է մոտ 2.3 միլիարդ խորանարդ մետր։ Հայաստանի կառավարությունն էլ այս ամռանը հաստատել է, որ խողովակաշարն ունի լրացուցիչ թողունակություն, և Թեհրանի հետ արդեն քննարկվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնումը, այսինքն՝ եթե ռուսական գազի շուրջ բանակցությունները բարդանան, առաջին գործնական տարբերակը տեսական չէ, այն արդեն գործում է։

Հայաստանը կարող է Իրանի հետ բանակցել գազի լրացուցիչ ծավալների մասին՝ ժամանակավորապես կամ երկարաժամկետ, ընդլայնելով գործող փոխանակման մեխանիզմը։ Այստեղ կարևոր է նաև Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ գծի ավարտը․ որքան մեծանա դեպի Իրան էլեկտրաէներգիա փոխանցելու կարողությունը, այնքան կարող է մեծանալ հակառակ ուղղությամբ ստացվող գազի ծավալը։

Բայց Իրանը միակ հնարավորությունը չէ՝ կա մեկ այլ տարբերակ՝ սվոփային մատակարարումը Վրաստանի միջոցով։ Դրա տրամաբանությունը պարզ է․ պարտադիր չէ, որ Հայաստանի գնած գազի նույն մոլեկուլը ֆիզիկապես հասնի Հայաստան։ Միջազգային գազային առևտրում հնարավոր է գազ գնել մեկ աղբյուրից, այն մուտքագրել փոխկապակցված համակարգի մեկ կետում և համարժեք ծավալ ստանալ մեկ այլ կետից։ Հայաստանը, հետևաբար, պետք է ուսումնասիրի ոչ միայն նոր խողովակաշար կառուցելու, այլ տարածաշրջանի գործող ցանցերի միջոցով առևտրային և սվոփային սխեմաներ ստեղծելու հնարավորությունը։

Առավել հետաքրքիր է Թուրքմենստանը։ Թուրքմենստանն աշխարհի խոշոր գազային պաշարներ ունեցող երկրներից է, և Երևանն արդեն հրապարակայնորեն հայտարարել է Աշխաբադի հետ գազային համագործակցությունն ընդլայնելու հետաքրքրության մասին։ Ավելին՝ անհրաժեշտ մեխանիզմը տարածաշրջանում արդեն փորձարկվել է։ Թուրքմենստանը գազ է մատակարարել Իրանի հյուսիսարևելյան շրջաններին, իսկ Իրանը համարժեք ծավալներ փոխանցել է Ադրբեջանին իր հյուսիսարևմտյան սահմանից։ Այսինքն՝ Կասպից ծովի շուրջ գործում է այնպիսի փոխանակման տրամաբանություն, որի տարբերակը տեսականորեն կարող է կիրառվել նաև Հայաստանի համար։

Թուրքմենական գազը կարող է մտնել Իրանի հյուսիս, որտեղ Թեհրանն ունի մատակարարման պարբերական խնդիրներ, իսկ Իրանը համարժեք լրացուցիչ ծավալ տրամադրի Հայաստանին գործող Հայաստան-Իրան գազամուղով։ Սա դեռ պատրաստի գործարք չէ՝ այն պահանջում է քաղաքական համաձայնություն, գնի, տարանցման, պատժամիջոցների և տեխնիկական հարցերի լուծում, բայց հենց այսպիսի տարբերակների գոյությունն է դիվերսիֆիկացիան քաղաքական կարգախոսից դարձնում բանակցային ուժ։

Այստեղ, սակայն, բացվում է ավելի մեծ խնդիրը՝ Հայաստանի գազային կախվածությունը միայն ռուսական գազից կախվածություն չէ։ Այն նաև ռուսական վերահսկողության տակ գտնվող գազատրանսպորտային համակարգից կախվածություն է։

«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Այն ոչ միայն գազ է վաճառում Հայաստանի ներքին շուկայում, այլև իրականացնում է գազի փոխադրումը, պահեստավորումը և բաշխումը։ Նույն համակարգում է նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստը։ Նույնիսկ Հայաստան-Իրան գազամուղի հայկական հատվածը գտնվում է «Գազպրոմ Արմենիայի» համակարգում։

Ահա այստեղ է Հայաստանի իրական ռազմավարական խնդիրը։ Կարելի է թուրքմենական գազ գտնել։ Կարելի է Իրանի հետ նոր պայմանագիր կնքել։ Կարելի է Վրաստանի միջոցով սվոփ կազմակերպել, բայց եթե մուտքի, փոխադրման, պահեստավորման և ներքին բաշխման ամբողջ շղթան կենտրոնացած է մեկ ուղղահայաց մենաշնորհի ձեռքում, ապա մատակարարների դիվերսիֆիկացիան դեռ համակարգի դիվերսիֆիկացիա չէ։

Եվ սա բացառապես Ռուսաստանի դեմ հարց չէ։ Ցանկացած պետություն, որը սեփական կենսական ենթակառուցվածքը հանձնում է մի արտաքին կենտրոնի վերահսկողությանը, սահմանափակում է վաղվա իր ընտրությունները։

Եվրոպան այս դասը սովորեց 2022-ից հետո։ Տասնամյակներ շարունակ հատկապես Գերմանիայում ռուսական էժան գազը դիտվում էր որպես տնտեսական ռացիոնալություն։ Ենթադրվում էր, որ փոխադարձ կախվածությունը կզսպի աշխարհաքաղաքական հակամարտությունը։ Պատերազմը ցույց տվեց հակառակը․ երբ քաղաքական հարաբերությունը փլուզվեց, տնտեսական առավելությունը վերածվեց ռազմավարական խոցելիության։

Հայաստանը հնարավորություն ունի այդ դասը սովորելու առանց նույն գինը վճարելու։ Սա չի նշանակում հրաժարվել ռուսական գազից։ Եթե այն ամենամրցունակն է՝ պետք է գնել ռուսական գազ։ Եթե իրանականը շահավետ է՝ իրանական։ Եթե թուրքմենական գազը սվոփով ավելի ձեռնտու է՝ թուրքմենական։ Եթե վաղը տարածաշրջանային խաղաղությունը բացի այլ աղբյուրներ՝ դրանք նույնպես պետք է մտնեն հայկական շուկա։

Դիվերսիֆիկացիայի նպատակը մատակարար փոխելը չէ՝ նպատակը ընտրելու կարողություն ստեղծելն է։ Հետևաբար հաջորդ բանավեճը պետք է լինի ոչ միայն 177.5 դոլարի շուրջ։ Հայաստանը պետք է քննարկի իր գազատրանսպորտային համակարգի ապագա կառուցվածքը, երրորդ կողմերի մուտքը ենթակառուցվածք, պահեստավորման հնարավորությունները, Հայաստան – Իրան գազամուղի լիարժեք օգտագործումը և տարածաշրջանային սվոփային շուկաներին միանալու մեխանիզմները, որովհետև էներգետիկ ինքնիշխանությունը չի նշանակում ամբողջ գազը սեփական հողից հանել։

Այն նշանակում է ունենալ այնքան աղբյուր, ճանապարհ և պայմանագիր, որ դրանցից ոչ մեկը չկարողանա դառնալ քաղաքական վերջնագիր։ Գազի իրական գինը միայն հազար խորանարդ մետրի դիմաց վճարվող դոլարը չէ։ Իրական գինը երևում է այն պահին, երբ պետությունը ցանկանում է այլ քաղաքական ընտրություն կատարել։