13/09/2026

EU – Armenia

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները «աջ ու ձախ» բաշխելու պրակտիկան։ Այս անգամ էլ քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը հասել է մի կառույցի, որը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։

Ավինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ Հ1-ին, հատկացվել է 11 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերի թվայնացման աշխատանքների իրականացման համար։

Թե որքանով է Երևանի բյուջեի հաշվին Հանրային հեռուստաընկերության նման ծրագրերի ֆինանսավորումը տեղավորվում քաղաքապետարանի առաջնահերթությունների և լիազորությունների շրջանակում, հարց է։

Երևանի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած փողոցների, բակերի ու հանրային տարածքների բարեկարգումից մինչև տրանսպորտային և կոմունալ հարցեր, շարունակում են լուծումներ պահանջել։ Մինչդեռ քաղաքապետարանը 11 միլիոն դրամ է հատկացնում Հ1-ին՝ կինոֆիլմերի թվայնացման համար։

Իհարկե, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի պահպանումն ու թվայնացումը կարևոր մշակութային նշանակություն կարող են ունենալ։ Սակայն հարցն այլ է՝ արդյո՞ք այդ ծախսը պետք է կատարվի Երևանի հարկատուների հաշվին և հենց քաղաքային բյուջեից։

Քաղաքապետարանը, թերևս, պետք է ավելի հստակ ներկայացնի՝ ինչ հիմնավորմամբ է այս ծախսը համարվել Երևանի համար առաջնահերթ և ինչ հանրային շահ է այն սպասարկում։